ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային հարգել սուրբ Սոֆիայի տաճարի պատմությունը

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային հարգել սուրբ Սոֆիայի տաճարի պատմությունը

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը պահպանել Ստամբուլի սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը՝ հաշվի առնելով դրա պատմությունն ու կարևորությունը տարբեր հավատքների համար։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։ Ճեպազրույցի ժամանակ նրան հարց են ուղղել Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ այն հարցով, որ երեկ հայտնի տաճարում նամազ է կատարվել թուրք կառավարական պաշտոնյաների ներկայությամբ։ «Սուրբ Սոֆիայի տաճարը չափազանց մեծ կարևորություն ունի։ Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը պահպանել դրա կարգավիճակն այնպես, որը թույլ կտա հարգել նրա բարդ պատմությունը»,-ասել է Նաուերթը։ Այնուետև նրան հարցրել են, թե Վաշինգտոնն այդպիսով դե՞մ է հանդես գալիս տաճարը մզկիթի վերածելուն։ «Ես նման բան չասացի։ Դա բարդ պատմություն է։ Մենք ճանաչում ենք սուրբ Սոֆիայի տաճարի կարևորությունն այլ հավատքների համար և կոչ անում Թուրքիայի իշխանություններին հաշվի առնել դա»,-ասել է նա։