«Սասնա ծռերից» պակաս չեմ, վենդետան չի ուշանա. ՀՔԾ-ն մերժել է Գրիշա Վիրաբյանին.

«Սասնա ծռերից» պակաս չեմ, վենդետան չի ուշանա. ՀՔԾ-ն մերժել է Գրիշա Վիրաբյանին.

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան պատասխանատվության ենթարկելու դիմումը: Գրիշա Վիրաբյանի պնդմամբ՝ 2004 թվականի ապրիլի 24-ին ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանը ծեծի էր ենթարկվել, խոշտանգվել նախկինում ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Կարապետյանի, Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Մովսիսյանի, նախկինում մարզի պետավտոտեսչության պետի պաշտոնը զբաղեցնող Ավետիք Հարությունյանի կողմից։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել այս գործով: Ըստ վճռի՝ ՀՀ կառավարությունը Գրիշա Վիրաբյանին պետք է 25 հազար եվրո վճարեր՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 6 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: Վիրաբյանի գործով Եվրադատարանը ՀՀ կառավարությանն անուղղակիորեն մեղադրել էր սուտ բացատրություններ տալու մեջ, նաև խոշտանգման փաստի հիմքով իրականացված քննությունը եղել է «անարդյունավետ, հիմնովին արատավոր», իսկ դրանց շրջանակներում տրված եզրակացությունները՝ ոչ վստահելի: Գրիշա Վիրաբյանը պնդում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չեն կատարվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում բոլոր օրենքների երաշխավորը ՀՀ նախագահն է, ուստի մեղավորներին չպատժելու քաղաքական որոշում է կայացրել: Ելնելով այդ հանգամանքից և ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նա Հատուկ քննչական ծառայությունից պահանջում էր քրեական գործ հարուցել Սերժ Սարգսյանի դեմ: Գրիշա Վիրաբյանը մոտ օրերս կդիմի նաև դատախազություն: ՀՔԾ պարզաբանման մեջ նշված է. «Դիմումի մեջ նշված են այնպիսի հանգամանքներ, որոնց ուղղությամբ արդեն իսկ կատարվել են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ, ընդ որում՝ դրանց մի մասն էլ ուղղված են եղել ՄԻԵԴ-ի՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» վճռով արձանագրված թերությունների, բացթողումների շտկմանը, որքանով որ դրանց հնարավորությունը ընձեռվել է վարույթն իրականացնող մարմնին (դեպքից անցել է 10-ից 13 տարի, գործով անցնող մի շարք անձինք մշտապես բացակայում են ՀՀ-ից՝ իրենց բնակության վայրերից, կամ մահացել են և այլն): Վիրաբյանի խոսքով՝ անհեթեթ պատճառաբանություններ են. «Քննիչը կարծես թե խճճված է գործով և այնպիսի պատասխաններ է գրել. մահացած մարդիկ չկան, բոլորը հանրապետությունում են, երեք ոստիկան թոշակի են անցել, մնացածը ողջ-առողջ վայելում են իշխանությունների համակրանքը: Այնպես որ, այստեղ առանձնապես որևէ բարդություն չկար: Ես կետ առ կետ կդիմեմ դատախազություն»,-ասաց նա՝ մանրամասնելով. «Եվրադատարանից հետո նոր բացված գործով ես բացատրություն եմ տվել քննչական ծառայությունում՝ կրկնելով 2004թվականի իմ ցուցմունքը՝ հիմնավորելով, որ ես սկզբնական շրջանում ծեծի ենթարկվելուց հետո ողջ-առողջ կանգնած էի, և ներս մտավ Աշոտ Կարապետյանը, հարվածեց, ձեռնաշղթաներ հագցրեց և այնքան ծեծեց, մինչև վատացա: Այսինքն՝ եթե ես չվատանայի, նա շարունակելու էր հարվածել: Այսինքն՝ ես հիմնավորում եմ, որ նրա հարվածներից հետո եմ վնասվածքներ ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Քննիչը պնդում է, որ գործում չկա իմ ցուցմունքը, որ ես խոշտանգվել եմ: Քննիչը պատճառաբանել է, որ ՄԻԵԴ-ը շեշտել և հաստատել է խոշտանգման փաստը, բայց անուններ չի նշել: Իրենք մտածում են, որ Եվրադատարանը իրավասու էր ոստիկաններին կանչել Եվրադատարան, քննել խոշտանգողներին: Իրենք չեն հասկանում, որ երբ խոշտանգման փաստը հաստատվել է, Հայաստանի իշխանություններն են լիազորված և իրավասու գտնել խոշտանգողին: Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե չկա խոշտանգողը, ես որտե՞ղ եմ վնասվել, ինչո՞ւ են ինձ վիրահատել, այդ դեպքում թող իմ դեմ քրեական գործ հարուցեն սուտ ցուցմունքներ տալու համար»: Գրիշա Վիրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց, որ իր գործով քաղաքական որոշում է կայացվել՝ որպես հիմնավորում նշելով. «Երբ կար Եվրադատարանի վճիռը, և Աշոտ Կարապետյանն այդ գործով անցնում էր, հենց այդ ընթացքում նրան նշանակեցին Երևան քաղաքի ոստիկանապետ, տվեցին գեներալի կոչում, մինչդեռ պետք էր պատժել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նշանակվում կադրերը Հայաստանում, իհարկե՝ հանրապետության նախագահը պետք է պատասխան տա: Այնպես չէ, որ ես օդի մեջ վերցրած փաստերով քամու դեմ կռիվ եմ անում»: Գրիշա Վիրաբյանը կշարունակի պայքարը: Նրա խոսքով՝ կա բիրտ անօրինական համակարգ, դատաիրավական համակարգը չի գործում, բոլոր գործերով Հայաստանում արդարադատություն չի կայանում. «Ես մինչև վերջ գնալու եմ, իմ պայքարը շարունակական է, և եթե էքստրեմալ քայլերի դիմեմ, ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է Սերժ Սարգսյանի վրա, որովհետև ես չեմ վախենում, որ իմ նկատմամբ քայլերի կդիմեն, դա ինձ վրա չի ազդում, ես եմ պատրաստ ծայրահեղ քայլի դիմելու՝ վենդետայի կամ մեկ ուրիշ քայլի, և ես դա չեմ թաքցնում: Նախապես ասում եմ՝ թող բոլորն էլ զգուշանան, ես «Սասնա ծռերից» պակաս չեմ, ես նրանցից քիչ չեմ տուժել, և ինձ նման շատերը կան հանրապետությունում, հազարավոր մարդիկ, ովքեր նույնիսկ քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց ստրուկի կարգավիճակով են ապրում՝ առանց իրավունքների, և ես հոգնել եմ այս վիճակից. ես պատրաստ եմ ծայրահեղ քայլերի դիմել: Զգուշացնում եմ, ես դա ասել եմ 2004-ին, հիմա կրկնում եմ՝ ամեն ինչ տանում է նրան, որ ես իմ հարցերը լուծեմ իմ մեթոդներով, արդեն հասցրել են դրան»: