Իշխանության էպիկրիզը. միլիոնավոր դոլարներ շարունակում են հոսել Հայաստանից

Իշխանության էպիկրիզը. միլիոնավոր դոլարներ շարունակում են հոսել Հայաստանից

Հայաստանի կառավարության անդամները, հատկապես տնտեսական բլոկի նախարարները վերջին շրջանում հաճախ են խոսում տնտեսությունում վերջերս նկատվող տնտեսական ակտիվության մասին: Ստեղծվում է պատրանք, հանրային կարծիք, թե իբր դա պայմանավորված է կառավարության արդյունավետ աշխատանքով: Վիճակագրական թվերը, սակայն, խոսում են ակտիվության միանգամայն այլ մոտիվի մասին, որը դուրս է կառավարության գործունեության դաշտից: Մեկ տարվա ընթացքում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ընդհանուր ծավալն ավելացել է 44 մլն 554 հազար ԱՄՆ դոլարով: Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը 2017 թվականի հունվար-ապրիլին կազմել է 422 մլն 246 հազար դոլար: 2016 թվականի հունվար-ապրիլին այն կազմում էր 377 մլն 692 հազար դոլար: Այս տարվա առաջին չորս ամսում Հայաստանից ուղարկվող տրանսֆերտների ծավալը կազմել է 269 մլն 782 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 246 մլն 432 հազար: Այս տարվա հունվար-ապրիլի աճը կազմել է 23 մլն 50 հազար դոլար: Ինչպես տեսնում ենք, Հայաստանում նկատվող հարաբերական աշխուժությունը հետևանք է ոչ թե հայրենի կառավարության էֆեկտիվ գործունեության, այլ Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալի մեծացման: Իհարկե, կարող ենք երկար խոսել այն առեղծվածի մասին, թե ինչի հաշվին է աճել հատկապես Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտների ծավալը, երբ այդ երկիրը դեռ չի հաղթահարել տնտեսական ստագնացիան: Օրինակ՝ որոշ տնտեսագետներ տրանսֆերտների աճի հիմքում տեսնում են ոչ տնտեսական հիմքեր ու դա պայմանավորում են այն հանգամանքով, որ Հայաստան գումարներ են մտցվել ընտրությունների հետ կապված: Միանգամայն տրամաբանական վարկած է, եթե հաշվի առնենք զանգվածաբար բաժանված ընտրակաշառքը, ընտրություննետի ստվերը, որի խորքերում թաքնված են միլիոնավոր դոլարներ: Սակայն նույնիսկ սա չէ էականն ու սկզբունքայինը, այլ այն, որ Հայաստանը շանս ուներ 2014թ․ դեկտեմբերին ռուսական արժույթի անկումից և տրանսֆերտների սրընթաց, կտրուկ նվազումից հետո մտածել իրական տնտեսություն ստեղծելու, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին։ Դա չի արվել, ու Հայաստանը շարունակում է նստած մնալ տրանսֆերտների «ասեղի» վրա՝ նմանվելով դեղերից կախում ունեցող թմրամոլի: Տրանսֆերտները տնտեսություն չեն զարգացրել աշխարհի որևէ երկրում, Հայաստանը բացառություն չէ: Արտերկրի մեր հայրենակիցների ուղարկած օգնությունները գոյատևման խնդիր են լուծում թշվառության ճիրաններում հայտնված նրանց հարազատների համար, միևնույն ժամանակ ամրապնդում են քրեաօլիգարխիկ ստատուս քվոն, որովհետև ստացված գումարներն, ի վերջո, ծախսվում են այն ոլորտներում, որոնք տնօրինվում են օլիգարխների կողմից: Սակայն կա մեկ այլ պարադոքսալ երևույթ: Մենք սպասում ենք դրսում ապրող մեր հայրենակիցնրի ողորմածությանն այն դեպքում, երբ Հայաստանից տեղի է ունենում միլիոնավոր դոլարների ապօրինի արտահոսք: Դեռևս 2015թ.-ի դեկտեմբերին Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Ըստ որում՝ տարեցտարի այս ցուցանիշի տարեկան մասնաբաժինն ավելացել է: Կասկած չկա, որ անցած մեկուկես տարիների ընթացքում այդ գումարը հատել է 10 միլիարդի սահմանագիծը և հիմա, ամենայն հավանականությամբ, մոտեցել է 11 միլիարդ դոլարի նշաձողին: Իսկ սա այն թիվն է, որը հավասար է Հայաստանի տարեկան ՀՆԱ-ին, ավելի պարզ, մարդկային լեզվով՝ հենց 11 միլիարդ է գնահատվում մեր երկրի տնտեսությունը: Երկրից ապօրինաբար դուրս բերված 10-11 միլիարդ դոլարը իշխանության և նրա հետ կապակցված օլիգարխիայի կատարած համատարած թալանի մասշտաբն է, այն սարսափելի թիվը, որը մարդկանց մեջ ծնել է հուսահատություն՝ նրանց դրդելով ղարիբության, օտար երկրներում հաց վաստակելու պարտադրանքին: Այդ 10-11 միլիարդն այն գումարն է, որ իշխանության և օլիգարխիայի կողմից գրպանվել է՝ երկրի ապագայի, մեր տնտեսության զարգացման հաշվին: Իշխանության ներկայացուցիչները ու օլիգարխիան բառի իսկական իմաստով մտել են ժողովրդի գրպանը՝ նրան մատնելով թշվառության: Այդ 10-11 միլիարդ դոլարը զուտ տնտեսական ռեսուրս չէ, որ դուրս է բերվել Հայաստանից: Այդ 10-11 միլիարդ դոլարը ազգային անվտանգության սպառնալիք է, որն արտահայտվել է և տնտեսական տեսքով՝ Հայաստանը դնելով 6 միլիարդ դոլարի արտաքին պարտքի տակ և ժողովրդագրական տեսքով Հայաստանից հեռացնելով մի քանի հարյուր հազար քաղաքացու: Եթե մենք իրապես ունենայինք իրավապահ համակարգ, ապա այն անմիջապես կզբաղվեր Global Financial-ի և այլ զեկույցներով, որովհետև գործ ունենք կոռուպցիոն բուրգի հետ: Սակայն եթե իրավապահները կոռուպցիայի դեմ պայքարող լինեին, վաղուց ստուգած կլինեին գոնե մեր պաշտոնյաներին պատկանող թանկարժեք դղյակների և մեքենաների ծագումնաբանությունը: Ասենք, ի՞նչ անեն իրավապահ մարմինները, երբ հրաշալի գիտեն, որ կոռուպցիոն բուրգը նույն ինքը իշխանությունն է որ կա: