Սա իմ տունն է, որտեղից չեմ կարող հեռանալ․ Գայանե Գասպարյանը կմնա բուհում որպես դասախոս

Սա իմ տունն է, որտեղից չեմ կարող հեռանալ․ Գայանե Գասպարյանը կմնա բուհում որպես դասախոս

«Ես չեմ ցանկանում նորից մասնակցել ռեկտորի մրցույթին և չեմ ցանկանում խոսել դրա պատճառների մասին: Եկեք դա թողնենք առանց մեկնաբանության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը՝ անդրադառնալով բուհի ռեկտորի փոփոխությանը: Ինչպես հայտնի է՝ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը շուտով կտեղափոխվի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան՝ որպես ռեկտորի պաշտոնակատար, որից հետո նոր ռեկտորի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի: Բրյուսովի գործող ռեկտոր Գայանե Գասպարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է: Գայանե Գասպարյանը, սակայն, ասաց որ ինքը բուհը չի թողնելու, մնալու է բուհում: «Ես ոնց կարող եմ բուհը թողնել: Սա իմ տունն է, որտեղից չեմ կարող հեռանալ: Ես մնում եմ բուհում, ես այստեղ դասավանդելու եմ, բացի այդ, կենտրոն եմ ղեկավարելու»,- ասաց Գասպարյանը: Անդրադառնալով Կարինե Հարությունյանի թեկնածությանը, Գասպարյանն ասաց, որ նորմալ թեկնածու է, նա լավագույնս կկարողանա ղեկավարել բուհը, քանի որ կրթության ոլորտը շատ լավ ճանաչում է: «Նա կրթության փոխնախարար է, կրթության ոլորտը շատ լավ գիտի և բնականաբար, նա պետք է շատ լավ ղեկավարի բուհը, ավելի ճիշտ՝ ցանկացած բուհ, քանի որ իր ոլորտը հենց բարձրագույն կրթությունն է: Դրա համար որևէ խնդիր չեմ տեսնում»,- նկատեց Գասպարյանը: Մեր դիտարկմանը, թե խնդիրներ են առաջացել, որ այլևս չի ցանկանում ղեկավարել Բրյուսովը, տիկին Գասպարյանն արձագանքեց. «Առանց մեկնաբանության: Խնդրում եմ այլևս հարցեր չտալ այս թեմայով»,- եզրափակեց նա: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանին նախարարությունում փոխարինելու է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, որը «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ղեկավարն է։