Թևոսիկի եղբոր սպանության գործով դատավճիռ չկայացվեց. դատարանը որոշեց վերսկսել դատաքննությունը

Թևոսիկի եղբոր սպանության գործով դատավճիռ չկայացվեց. դատարանը որոշեց վերսկսել դատաքննությունը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակից դուրս եկավ առանց դատավճիռ կայացնելու: Քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով դատարանը որոշեց վերսկսել դատաքննությունը: Առաջիկա նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին: Այս գործը դատավոր Բեկթաշյանի վարույթ է ընդունվել 2015 թվականի հունվարի 22-ին: Առաջին դատական նիստը նշանակվել է 2015 թվականի փետրվարի 16-ին: Այսինքն՝ դատական քննությունը տևում է մոտ 2 ու կես տարի: Հիշեցնենք, որ 46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին: Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարվել է 2014 թվականի հունվարի 27-ին՝ նա կրակոցներով սպանվել է իր շենքի բակում: Առավել դաժան ճակատագրի, ըստ այս քրեական գործի, արժանացել է Մովսես Ներսիսյանը՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողը: Սպանության հետքերը թաքցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանի կողմից Մովսեսը ենթադրաբար սպանվել է 2014 թվականի փետրվարի 1-ին՝ «Մագնում» հյուրանոցում: Սպանությունից հետո Իսրայելը Մովսեսի դիակը նետել է իր հողամասի տարածքում գտնվող դիտահորի մեջ: Այս գործի առանձնահատկությունն այն է, որ սպանության մեղադրանք է առաջադրվել՝ տուժող Մովսեսի դիակը հայտնաբերված չլինելու պայմաններում: 2014 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս Մովսես Ներսիսյանի մասին ոչ մի տեղեկություն չկա, նրա դիակը հայտնաբերված չէ: Իսրայել Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ապօրինի կերպով «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք ձեռք է բերելու, կրելու, գործադրելու համար: Գործով մեղադրող դատախազը իր ճառում հաստատված է գնահատել առաջադրված բոլոր մեղադրանքները, նշել է, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպվել է նրա եղբոր՝ Կայարանցի Թևոսիկի դիրքերը թուլացնելու նպատակով: Դատախազը միջնորդել է Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված բոլոր արարքների համար ու դատապարտել 25 տարի ազատազրկման: Իր պաշտպանական ճառում Իսրայել Սարգսյանը, անդրադառնալով դատախազի վկայակոչած՝ եղբոր սպանության միջոցով Թևոսիկին թուլացնելու նպատակին, մի վերջին «մեսիջ» ուղարկեց քրեական հեղինակությանը. «Հլը մի հատ նայեք էլի՝ Թևոսը թուլացելա՞ կամ Թևոսը թուլացո՞ղ տղայա, էդ ի՞նչ հիմարություն ա դուրս տալիս...»: Պետք է նկատել, որ ամբողջ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Իսոն բազմաթիվ «մեսիջներ» է ուղարկել Թևոսիկին, բայց նրա «մեսիջներին» ու «ես Արթուրի սպանության մեջ չկամ» պնդումներին ի պատասխան՝ տուժող Արթուր Սաֆարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն իր ճառում դատարանից պահանջեց ոչ թե 25 տարով, այլ ցմահ ազատազրկել Իսրայել Սարգսյանին: Տուժող կողմի նման խիստ դիրքորոշումը սառը ցնցուղի պես մի բան էր Իսրայել Սարգսյանի համար: Նա իր վերաբերմունքն արտահայտեց ու ևս մեկ՝ «զարմացա-ընդվզողական» մեսիջ հղեց Թևոսին. «Եթե քրեական աշխարհում հարգանք ունեցող մարդիկ արդեն բողոքում են, դատարանում ցմահ են ուզում... եթե իրանց պետք ա, որ ես ցմահ նստեմ, ու իրանց պետք չի իրականությունը իմանալ՝ ինչի՞ մասին ա խոսքը... Եթե մի պահ մտածում են, որ 25 տարի կամ ցմահ ուզելով՝ ինձ կարան ջարդեն՝ սխալվում են, փառք Աստծո, ես ուժեղ եմ իմ ճշտով...»: Իսրայել Սարգսյանը Աստծու անունը իր ճառում հիշատակեց նաև դատավորին դիմելու ժամանակ՝ խնդրեց, որ դատական ակտ կայացնելիս դատավորը հիշի... Աստծուն... Մովսես Ներսիսյանի դիակը մինչ օրս չհայտնաբերելը հիմք է տվել, որ նրա ենթադրյալ սպանության համար մեղադրվող Իսրայելը հայտարարի, թե ինքն է Մովսեսին ասել, որ երկրից հեռանա ու թաքնվի. «Մովսեսի նկատմամբ հետախուզում հայտարարեք: Մովսեսին կձերբակալեք, ու այդ ժամանակ սաղ պարզ կլինի... Տենց չի, որ Մովսեսի տռուպը չգտան՝ բախտս բերեց, ամեն տեղ բախտս բերեց՝ ապացույցներ չկան... Եթե էդպես է՝ խի՞ բախտս չբերեց՝ ես ստեղ ի՞նչ եմ անում... Կա մի մուտիլովկա ձայնագրություն, կա մի շակալ, որ էդ ձայնագրությունն արել ու ներկայացրել ա... Իրավապահները գողական ռազբորկան հիմք են ընդունել ու ինձ մեղադրել են...»: Իսրայել Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է իր իսկ խոստովանությունը՝ երկու սպանություններին ունեցած անմիջական առնչությունների մասին, որ նա կատարել է գործով վկա Տիգրան Ա.-ի հետ զրույցի ժամանակ: Տիգրան Ա.-ին է ամբողջ դատաքննության ժամանակ Իսրայելը անվանել «շակալ», քանի որ Տիգրանն իրենց զրույցը ձայնագրել ու ներկայացրել է իրավապահներին՝ այդ կերպ, միգուցե, ապահովագրելով իրեն: Միաժամանակ Իսրայել Սարգսյանն ընդունել է. «Ես իմ հիմար խելքով ուզում էի Տիգրանին խոսացնել... Եթե ես էդ խոսակցությունը չտանեի, հիմա ստեղ չէի լինի...»: Իսրայել Սարգսյանն ու նրա շահերի պաշտպանը պահանջել են, որ դատարանը կայացնի արդարացման դատավճիռ... Մովսես Ներսիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանից պահանջել է՝ Իսրայել Սարգսյանին Մովսեսի սպանության համար մեղավոր ճանաչելու դեպքում բավարարել Մովսեսի որդու ներկայացրած քաղհայցի պահանջը, որպեսզի որդին կարողանա դատական ակտով սպանված ճանաչված հոր գերեզմանը կառուցել...