«Պաձեզդի» ահաբեկիչների իշխանությունը

«Պաձեզդի» ահաբեկիչների իշխանությունը

Քաղաքական բառապաշարն իշխանությունների համար չէ, և երբ նրանք տանուլ են տալիս բանավեճերում, ակնհայտորեն անկարող են լինում պատասխանել ընդդիմախոսների փաստարկներին՝ հիշում են իրենց քրեածին արմատի մասին, նույնիսկ խորհրդարանը վերածում են «ռազբիրատների» հարթակի: Երբ «Ելքի» պատգամավորներն ուզում են իմանալ՝ ով է լինելու Հայաստանի վարչապետը 2018-ի ապրիլից հետո, դրանում որևէ կրիմինալ բան չկա, ավելին՝ իրազեկված լինելը, մանավանդ, եթե դա բխում է ընտրական գործընթացից, քաղաքացիների, էլ չասեմ՝ պատգամավորների սահմանադրական իրավունքն է: Եթե կոալիցիայի պատգամավորները չեն տիրապետում իշխանության վերնախավում կատարվող անցուդարձին, դրա համար նրանց որևէ մեկը չի կախի: Պետք չէ մուննաթ գալ ընդդիմադիր պատգամավորների վրա, ովքեր ուզում են իրազեկված լինել և իրենց հարցասիրությունը չեն կարողանում բավարարել խորհրդարանում: Առավել ևս չի կարելի սպառնալ ընդդիմադիր պատգամավորներին, ԱԺ ամբիոնից դրսևորել վարքագիծ, որի հստակ գեղարվեստական բնութագրումը տրված է ժամանակակից տաղանդավոր գրողի հայտնի «Գյադաների ժամանակ»-ում: Վանոյի հանճարեղ գրիչը ակամայից հիշեցի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթի ժամանակ: Եթե Բաղդասարյանը գոնե մի քիչ տարբերվեր արձակագրի նկարագրած ժամանակի հավաքական «հերոսից», դիմելով ընդդիմադիր իր գործընկերներին՝ չէր ասի. «...Ուզում եմ հիշել երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հայտնի խոսքը՝ պադյեզդի վտանգավոր պատմության մասին, երբ նորաթուխ ընդդիմադիրները հեգնում են կառավարության ծրագիրը» (խոսքը վերաբերում էր դալաններում ու «պադյեզդներում» ծեծելու մասին Վահան Հովհաննիսյանի հայտնի արտահայտությանը)։ Բաղդասարյանի այս խոսքերից հետո Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ «պադյեզդային» հանրային հնչեղություն ունեցող բոլոր սպանությունների ու հարձակումների կազմակերպիչն իշխանությունն է: Նույն պատճառով կարող ենք մտածել, որ Բաղդասարյանը իրենց կողմից «վարժեցված» խուժանին հրապարակավ «քսի» է տալիս «Ելքի» պատգամավորների վրա: