Նահանգները վերահաստատում է ուշադրությունը Ղարաբաղի հանդեպ

Նահանգները վերահաստատում է ուշադրությունը Ղարաբաղի հանդեպ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացման կապակցությամբ, որը հանգեցրել է զոհերի: Պետդեպի հայտարարությունը կոչ է անում կողմերին պահպանել հրադադարը, նշելով, որ բանակցությունն այլընտրանք չունի, և հակամարտության կարգավորումն էլ կարող է լինել Հելսինկյան ակտի շրջանակում՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում: Այստեղ ըստ էության որևէ նորություն չկա, դրանք դրույթներ են և կոչեր, որոնք հնչել են և հնչում են ու դեռ կհնչեն՝ դժբախտաբար հրադադարի խախտումների, ամենայն հավանականությամբ, նոր առիթներով: Տվյալ դեպքում պետքարտուղարության հայտարարությունն ուշագրավ է բոլորովին այլ համատեքստում: Մասնավորապես, Միացյալ Նահանգներում մեկնարկել է բանակցությունը ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև՝ բավական բարձր դիվանագիտական մակարդակով: Բավական է նել, որ ԱՄՆ-ը բանակցում է պետքարտուղարի և պաշտպանության նախարարի մակարդակով: Ինչի՞ մասին է բանակցությունը: Իհարկե՝ ամենևին ոչ Լեռնային Ղարաբաղի: ԱՄՆ-ն ու Չինաստանը բանակցում են մեկ այլ խնդրով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի: Թրամփի վարչակազմը դեռևս իր անորոշ արտաքին քաղաքականության մասով մի հարցում թերևս տվել է որոշակի մեսիջներ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է: Նոր վարչակազմը ընդհուպ ակնարկել է, որ հարկ եղած դեպքում պատրաստ է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, այսինքն՝ հարվածներ հասցնել Կորեային: Դրանից խուսափելու տարբերակը դիտվում է Չինաստանի հետ բանակցությունը, որպեսզի Պեկինն օգտագործի Հյուսիսային Կորեայի հանդեպ իր ազդեցությունն ու չեզոքացնի խնդիրը, գտնի քաղաքական կարգավորման տարբերակը: Ի՞նչ կապ ունեն այդ երկու իրադարձությունները՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն ու ԱՄՆ-Չինաստան բանակցության մեկնարկը: Բանն այն է, որ Հյուսիսային Կորեայի խնդիրը ներկայումս առաջնահերթ լինելով ԱՄՆ-ի համար՝ անկասկած կամա թե ակամա առաջնահերթ է դառնում միջազգային քաղաքականության օրակարգում: Եվ եթե այդ առաջնահերթ խնդրի շուրջ բանակցության մեկնարկին զուգահեռ ԱՄՆ-ը ժամանակ է գտնում նաև պետքարտուղարության մակարդակում Ղարաբաղյան խնդրին անդրադառնալու, հրադադարի խախտմանն անդրադառնալու, որը հունիսի 16-ին խլեց երեք հայ զինծառայողի կյանք, ապա դա չեզոքացնում է այն մտայնությունները, որ փորձ են արվում ներդնել ԱՄՆ-ի տարածաշրջանից հեռանալու, Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հանդեպ հետաքրքրությունը կորցնելու, հետ քաշվելու, «բանալին Ռուսաստանին հանձնելու» մասին: Եթե իր համար կարևորագույն ռազմավարական խնդրին զուգահեռ՝ ԱՄՆ-ը առանձին հայտարարություն է անում նաև Ղարաբաղյան գոտում վիճակի վերաբերյալ, ապա դա հիմք է տալիս եզրակացնելու, որ Նահանգների հետքաշման մասին տեղեկությունները, մեղմ ասած, չափազանցված էին: Չափազանցված էին դիտավորյա՞լ, թե՞ պարզապես իրավիճակի ոչ ճշգրիռ գնահատման պատճառով՝ այլ հարց է, ընդ որում՝ ոչ պակաս կարևոր: Որովհետև այդօրինակ մտայնությունները կարող են հանրության մեջ ներդրվել նաև, այսպես ասած, անվտանգության «միակ բարեկամի» կամ «Կովկասում Ռուսաստանի միակ որոշիչ դերի» մասին կարծրատիպերը խորացնելու և խաղարկելու համար, տարբեր նպատակներով: ԱՄՆ-ը ցույց է տալիս, որ անգամ առավել կարևոր հարցերով զբաղվածությամբ հանդերձ՝ ամենևին մտադիր չէ հրաժարվել Ղարաբաղյան խնդրի ուղղությամբ նայելուց և իր շահերը հետապնդելուց: Իսկ դա ունի կարևոր նշանակություն Հայաստանի ու Ղարաբաղի համար՝ ունենալով, այսպես ասած, ռուս-ադրբեջանական գործակցության տխուր փորձը, և նկատի ունենալով, որ տարածաշրջանի կայունությունը՝ թեկուզ հարաբերական, որքան կախված է հայկական բանակի մարտունակությունից, նույնքան էլ դրա համար կարևոր է աշխարհաքաղաքական մրցակցությունը, երբ խնդրի լուծման բանալին մեկ ձեռքում չէ, այլապես լուծումները հազիվ թե լինեին հօգուտ Հայաստանի անվտանգության, ինչպես ցույց է տվել իրադարձությունների ընթացքը որոշակի փուլում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ հետաքրքրության, հետ չքաշվելու փաստացի հավաստիացում-հայտարարությունը նաև վկայում է, որ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը փոխելու որևէ պլան դատապարտված է անհաջողության: