Բիզնես գործընկերոջը առևանգողը, ծեծողն ու տուն թալանողը՝ ԿԳ փոխնախարա՞ր

Բիզնես գործընկերոջը առևանգողը, ծեծողն ու տուն թալանողը՝ ԿԳ փոխնախարա՞ր

«Հայկական ժամանակը» այսօր, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին այդ պաշտոնում փոխարինելու է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ նա Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի հովանավորյալն է, մտերիմը, որի շնորհիվ էլ նախորդ գումարման պատգամավոր էր դարձել: Հիշեցնենք, սակայն, որ պատգամավորի մուտքը ԱԺ համընկավ նրա շուրջ պայթած սկանդալով: Վահրամ Մկրտչյանը ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ նախորդ տարի առևանգել, ծեծի էր ենթարկել իր բիզնես-գործընկերոջը՝ ԵՊՏՀ դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին: Վահրամ Մկրտչյանը Արտակ Ղուկասյանի հետ համատեղ տարադրամի փոխանակման կետ էր ունեցել, որն աշխատեցնելու ընթացքում առաջացած ինչ-ինչ խնդիրների պատճառով 2013-ի մայիս ամսին Վահրամ Մկրտչյանը մի քանի այլ անձանց հետ մտել էր Արտակ Ղուկասյանի բնակարան, Արտակի հորից ու կնոջից պահանջել էր տանը եղած ամբողջ ոսկեղենը՝ սպառնալով, որ եթե չբերեն ոսկիները, իրենց տղան տուն չի գա: Ստանալով տանը եղած ամբողջ ոսկին՝ Վահրամ Մկրտչյանը իր շքախմբի հետ հեռացել էր, որից հետո միայն հաջորդ օրը երեկոյան էր Արտակը տուն եկել ծեծված, կապտուկներով և արյունոտված շորերով: Տուժողը իրավապահներին չէր դիմել, քանի որ Վահրամ Մկրտչյանը սպառնացել էր, որ եթե բողոքի, ապա հաջորդը երեխաներն են լինելու, և ավելացրել էր, որ բողոքելու դեպքում էլ արդյունքի չեն հասնի, քանի որ ինքն ապարանցի է, Աղվան Հովսեփյանի հայրենակիցը և «երբ ուզի, Արտակին կնստեցնի»: Ու թեև պատգամավորը հերքել էր իր մասնակցությունն այդ դեպքին և մի բան էլ պնդում է, որ Արտակ Ղուկասյանն է իրեն խաբել և հսկայական գումարներ է պարտք իրեն, սակայն Արտակի հարազատները պնդում էին, որ այս ամբողջ պատմությունը՝ առևանգումը, ծեծը, ունեցվածքի խլումը, ապա նաև Արտակի կալանավորումը իրականացվել էին Վահրամ Մկրտչյանի թեթև ձեռքով: Արտակ Ղուկասյանի հարազատները 2014 թվականին «Առաջին լրատվական»-ին էին տրամադրել դեպքից հետո Արտակի ծեծված լինելը փաստող լուսանկարները՝ որպես ապացույց, և պնդում էին, որ դա արվել է Վահրամ Մկրտչյանի, նրա սանիկի՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության բաժնի պետ Արման Սարգսյանի, նրա եղբոր՝ Գուրգեն Սարգսյանի և մի քանի այլ «հաստավիզների» ձեռքով: Այս ամենը թերևս հաստատվեց նաև դատարաում, քանի որ տևական քննությունից հետո Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց Արտակ Ղուկասյանին և ազատ արձակեց նրան: Վահրամ Մկրտչյանը և մեղադրող դատախազը, սակայն, բողոքարկեցին դատական ակտը և վերաքննիչ դատարանը բավարարելով նրանց պահանջը՝ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և գործը ուղարկել նոր քննության: Ներկայումս այս գործով նոր քննություն է ընթանում, նոր մեղադրող դատախազ և դատավոր է ներգրավվել: Այս գործում ԿԳ ապագա փոխնախարարը ներգրավված է որպես տուժող, սակայն նիստերին չի ներկայանում: Այդպիսի մի նիստ էլ նախատեսված էր այսօր, որը, սակայն, կրկին չկայացավ տուժող Վահրամ Մկրտչյանի բացակայության պատճառով: Նա գրություն էր ուղարկել դատարան, որ զբաղվածության պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին, և կներկայանա հաջորդ դատական նիստին: Արտակ Ղուկասյանի քույրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Վահրամ Մկրտչյանի հնարավոր նշանակմանը՝ կարճ արձագանքեց. «Եթե դա ճիշտ լինի, ուրեմն այս պետության մեջ ապրելն արդեն իսկ ամոթ է»:   Լուսանկարը՝  Photolure-ի