Վարչապետի մենությունը կամ՝ իշխանության «մաֆիա» խաղը

Վարչապետի մենությունը կամ՝ իշխանության «մաֆիա» խաղը

Կառավարության 2017-2022թթ. ծրագիրը «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների բուռն վիճաբանությունից հետո քիչ առաջ դրվեց քվեարկության և ընդունվեց 64 կողմ և 31 դեմ ձայներով: Սակայն սա խորհրդարանական մեծամասնության մեխանիկական աջակցությունն էր Կարեն Կարապետյանի կառավարությանը, որը չի սրբագրում քաղաքական այն իրականությունը, որը երեկ վերջնականապես բացահայտեց Կարեն Կարապետյանի մենությունը: Երեկ խորհրդարանում առաջին անգամ բացահայտվեց «Ելք» դաշինքի պոտենցիալը: Ինը պատգամավորից բաղկացած խմբակցությունն իր օրակարգը թելադրեց խորհրդարանական անդեմ մեծամասնությանն ու նրա անատամ կառավարությանը: Չգրված պայմանավորվածությամբ՝ «Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների պատգամավորները փոխլրացրեցին միմյանց և հանրությանը ցույց տվեցին Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքական սնանկությունը, վարչապետի իշխանական հավակնությունների արհեստականությունը, ներկայացված ծրագրի ներքին տրամաբանական կոնտրաստը: Եթե ընդդիմադիր խմբակցությունների երեկվա վարքագիծը բացատրելի է նրանց կարգավիճակով ու մոտիվացված է, ապա քաղաքական տեսանկյունից միանգամայն անհասկանալի էր խորհրդարանական մեծամասնության վարքագիծը, որն իր վարչապետին լրիվ մենակ ու անպաշտպան թողեց ընդդիմության հարձակումների ֆոնին: Այսինքն՝ բացահայտվեց այն, ինչի մասին ամիսներ շարունակ գրում են վերլուծաբանները, այն, ինչ կատարվում է իշխանության կուլիսներում: Կարեն Կարապետյանը կապ չունի խորհրդարանական այսօրվա մեծամասնության հետ, և նրա վարչապետությունը կախված է բացառապես մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի ցանկությունից, քմահաճույքից: Այս պարագայում Կարեն Կարապետյանի հավաստիացումը, թե ինքը պատրաստ է վարչապետ լինել 2018-ի ապրիլից հետո, շատ նման է երեխաների տիեզերագնաց, բժիշկ կամ իրավաբան դառնալու երազանքին: Խորհրդարանական մեկ օրը և ընդդիմության, հատկապես «Ելքի» ակտիվությունը բավարար էին, որպեսզի պայթի քարոզչական այն փուչիկը, որ ստեղծվել էր Կարեն Կարապետյանի, նրա պրոգրեսիվ կերպարի, Հայաստանի սինգապուրյան հեռանկարի շուրջ: «Հիմա քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է՝ ո՞վ է 2018թ. ՀՀԿ կամ կոալիցիայի վարչապետը: Նման սպասումները նեգատիվ են: Քաղաքական պրոցեսները տանել մաֆիայի կանոններով, դա հակասում է ՀՀ շահերին»,- երեկ խորհրդարանական ամբիոնից արդարացիորեն նկատել է Նիկոլ Փաշինյանը: Ոչ քաղաքական, ոչ հրապարակային գործելաոճն իրոք բնորոշ է ոչ թե քաղաքական համակարգին, այլ հանցագործ խմբավորումներին: Հիմա Հայաստանի իշխանությունները պետք է բացահայտեն իրենց ներքին «խոհանոցը»` բոլորիս ապացուցելու համար, որ զբաղված են ոչ թե «մաֆիա» խաղով, այլ քաղաքականությամբ` թեկուզ անորակ ու պրիմիտիվ: