Իշխանավորների մերձավորները՝ ՔԿՀ պետեր

Իշխանավորների մերձավորները՝ ՔԿՀ պետեր

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հրամանով՝ նախօրեին որոշակի փոփոխություններ են կատարվել քրեակատարողական վարչությունում: Մասնավորապես, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութ) ղեկավար: Իսկ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը հունիսի 14-ից ղեկավարում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն: Ուշագրավ է, որ այս երկու նշանակումն էլ բնավ պատահական չեն: Մանուկ Միքայելյանը ՆԳ նախկին նախարար, ՔԿՀ վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին է: Իր հետագա նշանակմանը, ապա նաև այս նշանակմանը բնավ չի խանգարել նաև այն հանգամանքը, որ նա ժամանակին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած խնդիրների պատճառով պատասխանատվության առաջ է կանգնել: Ինչ վերաբերվում է Արսեն Աֆրիկյանին, ապա նրա նշանակումը նույնպես տեղավորվում է համակարգում և իշխանական շրջանակներում ունեցած ծանոթ- բարեկամների հանգամանքով: Արսեն Աֆրիկյանը երկու տարի առաջ խնամիական կապեր հաստատեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրա որդին ամուսնացավ Տարոն Մարգարյանի քրոջ հետ: Թեև պաշտոնապես հայտարարվում է, որ առաջիկայում ՔԿՀ ոլորտում այլ փոփոխություններ չեն սպասվում, սակայն Դավիթ Հարությունյանը որոշել է իր ուշադրության կենտրոնում պահել հենց այս ոլորտը, կարգի հրավիրել, հատկապես ընդգծելու համար, որ նախկին նախարարի օրոք այս ոլորտը բարձիթողի վիճակում է եղել: Գաղտնիք չէ, որ Արփինե Հովհաննիսյանը առանձնապես ուշադրություն չէր դարձնում քրեակատարողական հիմնարկներին, որևէ անգամ այցելություն չկատարեց որևէ ՔԿՀ: Իսկ դատապարտյալների կողմից իրականացվող հացադուլներին և ավելի ծանր դեպքերին արձագանքում էր պարզապես հայտարարությամբ, որ խնդիրն ուսումնասիրվում է: Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ անգամ մամուլը գրեց, որ նրա ու ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի հարաբերությունները լարվել են, և Օսիկյանը ստանալով «վերևների դաբրոն», թույլ չէր տալիս նախկին նախարարին խառնվել իր գործերին: Դավիթ Հարությունյանը, սակայն, որոշել է հենց քրեակատարողական համակարգից սկսել, փոխել ՔԿՀ-ների պետերին, և իր մարդկանցով դաշտը կառավարելի և վերահսկելի դարձնել: