Մարդկությունը պետք է լքի Երկիրը. Հոքինգ

Մարդկությունը պետք է լքի Երկիրը. Հոքինգ

Բրիտանացի հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ մարդկությանն անհրաժեշտ է առաջիկա 30-50 տարիներին գաղութացնել Մարս և Լուսին: Այս մասին գրում է The Telegraph-ը: Նորվեգիայում Գիտության և արվեստների Starmus IV Միջազգային փառատոնում ելույթի ժամանակ Հոքինգը հայտարարել է, որ մարդկության վախճանը աստղակերպի ընկնելուց, կլիմայական աղետներից կամ գերբնակեցումից միայն ժամանակի հարց է: «Ես համոզված եմ, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը: Մեր մոլորակի վրա գնալով պակասում է տեղը մեզ համար, իսկ մեր ֆիզիկական ռեսուրսները շատ արագ սպառվում են»,- նշել է գիտնականը: Նա անհրաժեշտ է համարում առաջիկա 30 տարիներին բազա հիմնել Լուսնի վրա: Հետո 50 տարվա ընթացքում մարդիկ պետք է Մարսը գաղութացնեն: Միաժամանակ նա խորհուրդ է տալիս մյուս մոլորակներ տանել բույսեր, կենդանիներ, սնկեր և միջատներ: Հոքինգն առաջարկում է չսահմանափակվել բացառապես Արեգակնային համակարգով և դուրս գալ դրա սահմաններից՝ հասնելով մեզ ամենամոտ աստղային համակարգին՝ Ալֆա Ցենտավրային, որտեղ, ինչպես կարծում են գիտնականները, գոյություն ունի կյանքի համար պիտանի Proxima b մոլորակը: