Գերմանիան իր զինվորներին դուրս է բերում թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից

Գերմանիան իր զինվորներին դուրս է բերում թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել հետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Ինչպես հաղորդում է գերմանական Deustche Welle-ն, որոշման օգտին է քվեարկել 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Այդպիսով պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխելու է մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա: Ծրագրվում է մինչև սեպտեմբեր Ինջիրլիքում գտնվող 260 գերմանացի զինվորներին, վեց Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները, ինչպես նաև վառելիքի լիցքավորման ինքնաթիռները տեղափոխել Հորդանանի Ազրաք քաղաքում գտնվող ռազմաբազա: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հունիսի 5-ին մեկնել էր Թուրքիա՝ հանդիպելու գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և վերջին անգամ քննարկելու գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիք թույլ տալու հարցը: Չավուշօղլուն, սակայն, բացասական պատասխան էր տվել՝ նշելով, որ պատճառը պաշտոնական Բեռլինի դիրքորոշումն է Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների նկատմամբ: Նման հայտարարությունից հետո Գաբրիելն ասել է, որ իրենք այլընտրանք չունեն, քան զինվորներին Ինջիրլիքից այլ ռազմաբազա տեղափոխելը: