Հայաստանում ստեղծվել է տաքսու վարորդների կուսակցություն. «Փաստ»

Հայաստանում ստեղծվել է տաքսու վարորդների կուսակցություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի և իր համախոհների՝ տաքսու վարորդների ու ավտոմեքենա ներկրողների ջանքերով հիմնվել է «Ազգային պաշտպանության լիգա» անունով նոր կուսակցություն, որպեսզի կարողանան ոլորտում առկա խնդիրների դեմ ավելի հիմնավոր պայքարել և փրկել տաքսու վարորդների պատիվը, որը կործանել են հայոց նախկին և ներկա կառավարությունները: Պայքարի ուղղությունները բազմաթիվ են, սակայն հիմնական պայքարը լինելու է վարորդների իրավունքների պաշտպանությունը և ոլորտում առկա խնդիրների լուծումները գտնելը: «Ընտանիք կամ գերդաստան չկա, որտեղ տաքսիստներ չլինեն: Եվ եթե դիտարկեք, ապա ներկա տաքսիստների մեջ ուսանողներ էլ կան, թոշակառուներ էլ, գիտնականներ էլ, քանի որ ավելի հարմար է նման ձևով գումար աշխատելը: Եվ այն, ինչ որ այսօր ասում են կառավարության նիստերի ժամանակ, թե տաքսիստների մեջ թմրամոլներ, չստիկներով կամ անթրաշ մարդիկ են աշխատում, մենք ավելի վաղ էինք պահանջում, որ նրանց մեր շարքերից հեռացնեն: Բայց մեր պահանջները մշտապես անտեսվում են»,- ասաց Տ. Հովհաննիսյանը: Նրա պնդմամբ՝ կառավարությունն ինքն է հոգեկան հիվանդներին «ներդնում» ավտովարորդների շարքերում, որպեսզի ակցիաների ժամանակ խժդժություններ հրահրեն և հասարակության մեջ ատելություն սերմանեն այդ դժվարին մասնագիտության տեր մարդկանց հանդեպ: «Կառավարությունն ինքն է թույլատրում չստիկներով, թրաշով, թմրամոլ, հոգեկան հիվանդ մարդկանց նման գործունեությամբ զբաղվեն և տարին մեկ էլ գոռում են, թե ոլորտը կանոնակարգելու համար շուտով օրենք են մտցնելու: Բայց իրականում կառավարությունը օրենքներ գրելու համար գումար է ստանում, այդ պատճառով էլ այնպես չի անում, որ խնդիրները միանգամից լուծվեն: Այնպիսի օրենքներ են գրում, որ դրանք շիտակ չլինեն ու միշտ հասարակություն–ավտովարորդներ դաշտում կռիվ լինի, կառավարությունն էլ անընդհատ օրենք գրի ու փող աշխատի: Մեր պահանջն է, որ վարչապետը տղամարդավարի դուրս գա իր կաբինետից, իջնի ժողովրդի մեջ ու ընդունի, որ տաքսու ոլորտում բիզնես–ցեղասպանություն է իրականացվում, որի սկիզբը դրվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակներից»,– ասաց Տ. Հովհաննիսյանը։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: