ՏՄՊՊՀ-ն արգելել է Microsoft-ի չարտոնագրված ծրագրերի վաճառքը

ՏՄՊՊՀ-ն արգելել է Microsoft-ի չարտոնագրված ծրագրերի վաճառքը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դիմում-բողոք է ստացել ամերիկյան «Մայքրոսոֆթ» կորպորացիայի ՀՀ-ում լիազոր ներկայացուցիչը հանդիսացող «ԲԻ ԷՍ ԷՅ» ընկերության կողմից: Ընկերությունը հայտնել է, որ ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «Մայքրոսոֆթի» շահերի և հեղինակային իրավունքների պաշտպանությամբ հանդես է գալիս իրենց ընկերությունը: Դիմում-բողոքի համաձայն՝ հանրապետությունում համակարգիչների վերավաճառքով զբաղվող ընկերություններում կատարված գաղտնի ստուգումների և մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ տասնյակ ընկերություններ գնորդներին վաճառում են «Մայքրոսոֆթի» կողմից մշակված ծրագրերի չարտոնագրված, այլ կերպ ասած՝ հենային տարբերակները: «Նման գործունեությունը կարող է առաջին հերթին վնաս պատճառել սպառողին, որոնք կրում են չարտոնագրված ապրանք ձեռք բերելու ռիսկը, և, բացի այդ, այն նաև կարող է լուրջ խնդիր առաջացնել տվյալ շուկայում օրինական գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ վնասելով նրանց շահերը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով` «Մայքրոսոֆթի» աշխատակիցների հետ կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 60 տնտեսավարող վաճառում են այդպիսի համակարգիչներ: «Մենք համապատասխան որոշում կայացրեցինք և արգելեցինք նման գործունեության իրականացումը»,-հավելեց Շաբոյանը: