Մեկնաբանական տեռոր կամ ֆուտբոլային մառազմ՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում

Մեկնաբանական տեռոր կամ ֆուտբոլային մառազմ՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մեր երկրում հետևում են հազարավոր ֆուտբոլասերներ: Բավական բարձր վարկանիշ ունեցող այս մրցաշարը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է Հանրային հեռուստաընկերությունը: Հանդիպումները մեկնաբանում են բոլորովին անծանոթ ֆուտբոլային մեկնաբաններ: Մասնավորապես, հունիսի 15-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվեցին այն անձանց անունները, որոնք, ֆեյսբուքյան հավանությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ, հնարավորություն էին ստացել ուղիղ եթերում մեկնաբանել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները. նրանք են՝ Արման Աբելյանը, Համլետ Գևորգյանը, Երվանդ Հարությունյանը, Արմեն Մանուկյանը, Ռաֆայել Խալաթյանը, Արմեն Գարամյանը: Արտամրցութային կարգով մեկ խաղ մեկնաբանելու հնարավորություն կստանա նաև Մարե Մինասյանը. նա եթերում կլինի մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանի հետ: Ի դեպ, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը մեկնաբանների մրցույթի մի նոր փուլ է, որի հաղթողները հնարավորություն կստանան աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում: Մասնավորապես վերը թվարկված մեկնաբաններին հանրությունը կկարողանա աջակցել sms հաղորդագրությունների և զանգերի միջոցով ընթացող մրցաշարի ընթացքում: Քվեարկության արդյունքները կհամադրվեն ժյուրիի տված միավորների հետ: Այս փուլը ևս հաջողելու պարագայում մասնակիցներից լավագույնները հնարավորություն կստանան համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը: Արդեն իսկ կայացել է Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության առաջին տուրը: Հանրայինի հեռարձակված չորս հանդիպումների մեկնաբանությունները թույլ չես անվանի, դրանք ուղղակի ահավոր էին: Հայաստանում թիվ մեկ հեռուստաընկերության ղեկավարները, չգիտես ինչու, հեղինակավոր այս մրցաշարը որոշել են փորձադաշտ դարձնել երիտասարդ մեկնաբանների համար: Այս կերպ Հանրային հեռուստաընկերությունն ուղղակի տեռորի է ենթարկում միլիոնավոր հեռուստադիտողների, ովքեր ստիպված են դիտարժան հանդիպումներին հետևել մառազմատիկ մեկնաբանությամբ: Դժվար է պատկերացնել, որ, ասենք, ռուսական Հանրային հեռուստաընկերությունը՝ ОРТ-ն, Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության գավաթը վերածեր մեկնաբանների մրցույթի և միլիոնավոր մարդկանց ուղղակի ստիպեր լսել ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանների մեկնաբանությունը: Անկախացումից հետո հայ ֆուտբոլասերը հիմնականում լսել է անորակ և անգրագետ ֆուտբոլային մեկնաբանություն: Հիմա մեկնաբանների էլիտան ձևավորում է նոր սերունդ. ձևավորում է ֆուտբոլասերների նյարդերի հաշվին: Չի կարելի ֆուտբոլային բարձրակարգ հանդիպումներն աղավաղել և ստիպել, որպեսզի մարդիկ փոխեն ալիքը կամ իջեցնեն հեռուստացույցի ձայնը: Ֆուտբոլը հանրությանն էսթետիկական հաճույք է պատճառում: Այսօր Հայաստանում հասանելի է Матч ТВ հեռուստաընկերությունը: Մեկնաբանների երիտասարդ սերունդ ձևավորելու փոխարեն Հանրային հեռուստաընկերությունը ճիշտ կաներ՝ ավագ սերնդի ներկայացուցիչներին պրակտիկայի գործուղեր ռուսական հեռուստաընկերություն: Հայկական հեռուստաալիքներից հնչող անտանելի մեկնաբանության հետևանքով Матч ТВ-ն ուղղակի այլընտրանք է դարձել: Օրինակ՝ մեր հայրենակից Նոբել Առուստամյանի մեկնաբանությամբ ֆուտբոլ դիտելիս իսկապես էսթետիկական հաճույք ենք ստանում: Ֆուտբոլից հասկանալը միայն բավարար չէ մեկնաբան լինելու համար: Ֆուտբոլը պետք է մատուցել հեռուստադիտողին: Պետք է մատուցել այն, ինչը տեսանելի չէ հեռարձակման ընթացքում: Շարունակ վիճակագրական տվյալներ, գնդակին տիրող ֆուտբոլիստների անուններ հնչեցնելը կամ Գերմանիայի գոլի ժամանակ բավական բարձր ձայնով «Գոոոոոոոոոոոոոոոոոոլ» գոռալը ոչ միայն նյարդայնացնող է, այլև հեռուստադիտողին հունից հանելու հատկություն ունի: