Արգամ Աբրահամյանն ուզում է «ընտրություններից առաջ բնակիչների աչքը մտնել». «Հրապարակ»

Արգամ Աբրահամյանն ուզում է «ընտրություններից առաջ բնակիչների աչքը մտնել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստի օրակարգի նախագծից տեղեկացանք, որ Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրությունը նոյեմբերի 5-ին է՝ չորս ամիս անց: Այս նախագիծը կառավարության հավանությանը կներկայացնի տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Իսկ մինչ ընտրությունները՝ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, պատգամավորի իր գործունեությանը զուգահեռ, շարունակում է դե ֆակտո «քաղաքապետություն» անել Արտաշատում, ընդ որում՝ ավելի լայն թափով ու էնտուզիազմով, քան երբ պաշտոնավարում էր: Ասենք, օրինակ, այժմ քաղաքում աղբահանությունն ավելի օպերատիվ է իրականացվում, քաղաքն ավելի մաքուր տեսք ունի, քան երբ Արգամ Հովիկիչը քաղաքապետ էր: Աբրահամյանը, բացի այդ, իր միջոցներով նաև տոնական միջոցառումներ է կազմակերպում, ասֆալտապատում է քաղաքի որոշ փողոցներ: Նախկին քաղաքապետը չի զլանում իր կատարած աշխատանքների մասին վկայող ֆոտոներ տեղադրել ՖԲ-ի իր էջում: Մի քանի օր առաջ էլ գրառում է կատարել. «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել և ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը»: Քաղաքային բնակչությունը սա որակում է «ընտրություններից առաջ բնակիչների աչքը մտնելու ձև»: Աբրահամյանների նախանշած քաղաքապետի թեկնածուն՝ Գագիկ Պողոսյանը, ով, ըստ լուրերի, Գերմանիայում բիզնես է ուզում դնել, բայց համառորեն հերքում է դա, իր հերթին կիսվում է Աբրահամյանի էջի նորություններով: Տպավորություն է, թե նախկին քաղաքապետը մտադիր է կրկին առաջադրվել և սկսել է իր PR արշավը: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, նկատենք, ոչ թե Գագիկ Պողոսյանն է, այլ փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանը, ով, ի տարբերություն Պողոսյանի, քաղաքապետարանում աշխատելու երկարամյա փորձ ունի»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: