Պատահական չէր Միլլերի անսպասելի այցը Հայաստան. ԱՄՆ 8 մլրդ դոլարի ներդրումը ռիսկային է ռուսական ընկերությունների համար. «Առավոտ»

Պատահական չէր Միլլերի անսպասելի այցը Հայաստան. ԱՄՆ 8 մլրդ դոլարի ներդրումը ռիսկային է ռուսական ընկերությունների համար. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել վաճառված ինքնիշխանությունը:  ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետագա գործունեության և առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական և տնտեսական ազդեցության համար: Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, և առաջարկը հավասարապես ուղղված է նաև ռուսական կողմին, և այս կոնտեքստում պատահական չէր «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի անսպասելի այցը Հայաստան: ԱՄՆ առաջարկը ներկայումս լրջագույն քննարկման փուլում է, և ՀՀ իշխանությունները թայմ-աութ են վերցրել շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելու որոշում կայացնելու համար»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ էներգետիկայի բնագավառում 8 մլրդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին հայտարարությանը: «Վստահ եմ, որ արձագանք կլինի, քանի որ սա ունիկալ հնարավորություն է մոդեռնիզացնելու Հայաստանը և Իրանի հետ էներգետիկ ոլորտում ընդլայնված և համապարփակ համագործակցություն հաստատելու համար: Եթե մեր հասարակության համար ավելի պարզ լինի, թե ինչ է նշանակում 8 մլրդ դոլարի ներդրումը Հայաստանի համար, ապա ասեմ՝ մոտավորապես այդքան է գնահատվում NABUCCO գազատարի գինը, որը նախատեսում էր ադրբեջանական գազը տեղափոխել Եվրոպա, որը առաջինը՝ շրջանցում էր Հայաստանը, երկրորդը՝ հսկայական գազադոլարների մուտք էր ապահովելու Ադրբեջանի բյուջե, և երրորդը՝ այն տապալվեց, քանի որ ԱՄՆ էներգետիկ ընկերությունները չհամաձայնեցին ներդրում անել այդ նախագծի մեջ: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ գին ու նշանակություն ունի այս առաջարկությունը, որին ՀՀ իշխանությունը պետք է արձագանքի և հայտնի իր հանձնառությունը շարունակելու երկխոսությունն այս ուղղությամբ»,- հավելեց մեր զրուցակիցը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում