Ինչպես են գումար վաստակում հայկական թիմերը. Եվրագավաթները՝ փրկության միջոց

Ինչպես են գումար վաստակում հայկական թիմերը. Եվրագավաթները՝ փրկության միջոց

Մեկ շաբաթից կմեկնարկի ֆուտբոլի եվրագավաթների 2017/18թթ. խաղարկությունը, որին կմասնակցեն նաև հայկական չորս թիմեր: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլին Հայաստանը կներկայացնի «Ալաշկերտը», իսկ «Շիրակը», «Փյունիկին» ու «Գանձասար-Կապանը» ելույթը կսկսեն Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից: Այս տարի Հայաստանի բարձրագույն խմբի թիմերից եվրագավաթների խաղարկությանը չեն մասնակցում միայն «Արարատն» ու «Բանանցը»: Ի՞նչ է տալիս եվրագավաթների խաղարկությունը հայկական թիմերին, և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից 6 ակումբների տարեկան բյուջեն կազմում է միջինը 5-6 հարյուր հազար եվրո: Տեղացի ֆուտբոլիստների աշխատավարձը տատանվում է 300-ից 2000 եվրոյի սահմաններում: Դրսից հրավիրված ֆուտբոլիստներն էլ հիմնականում ստանում են ամսական 3-4 հազար եվրո: Հայաստանի առաջնությունում և գավաթի խաղարկությունում չեմպիոն և մրցանակային տեղեր գրաված թիմերը, որոնք նաև եվրագավաթների խաղարկության իրավունք են ձեռք բերում, ՈՒԵՖԱ-ի կողմից գումար են ստանում: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախորդ տարի «Ալաշկերտը» Հայաստանի չեմպիոն դառնալու և Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար ՈՒԵՖԱ-ի կողմից ստացել է մոտ 400 հազար եվրո: Հայկական թիմերը ՈՒԵՖԱ-ից որոշակի օգնություն են ստանում նաև ՈՒԵՖԱ-ի Համերաշխություն ծրագրից: Այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որպես համերաշխության վճարումներ ՈՒԵՖԱ-ից կստանա 3.871 մլն եվրո: Այդ գումարից 940 հազարը հատկացվել է Հայաստանի հավաքականին, իսկ մնացածը՝ ակումբներին: ՈՒԵՖԱ-ն գումարներ է տրամադրում նաև այն ակումբներին որոնց ֆուտբոլիստները ազգային թիմերի կազմում մասնակցում են ընտրական փուլի հանդիպումներին: Օրինակ՝ 2016 թվականին հայկական թիմերից ամենաշատ գումար ստացել է «Փյունիկը»՝ 263 հազար եվրո: Թիմերը ՈՒԵՖԱ-ից գումար են ստանում նաև եվրագավաթներին մասնակցելու համար: Մեր տեղեկություններով՝ եթե «Ալաշկերտին» հաջողվի հաղթահարել Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին փուլի արգելքը, ՈՒԵՖԱ-ի կողմից կստանա մոտ 700 հազար եվրո: Այս գումարի զգալի մասը կծախսվի մրցավայր մեկնելու ավիատոմսերի և հյուրանոցային վճարումների վրա: «Շիրակը», «Փյունիկը» և «Գանձասար-Կապանը» ավելի քիչ գումար կստանան, քանզի Եվրոպա լիգայի խաղարկությունը վարկանիշով ավելի ցածր է: Մասնավորապես, որակավորման առաջին փուլում ելույթ ունենալու համար ՈՒԵՖԱ-ն թիմերին տրամադրում է մոտ 300 հազարական եվրո: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հաշվետվության համաձայն՝ 2015-16 թվականների մրցաշրջանի համար Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ստացել էր 750 հազար եվրո, իսկ Եվրոպա լիգայի մասնակիցներ «Ալաշկերտը» և «Շիրակը»՝ 410-ական, «Ուլիսը», որն արդեն գոյություն չունի՝ 200 հազար եվրո: Պրոֆեսիոնալ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար Հայաստանը ՈՒԵՖԱ-ից ստացել է նաև 395,6 հազար եվրո: Փաստորեն եվրագավաթների խաղարկությունը այսօր հայկական թիմերի համար դարձել է գոյատևելու միջոց: Թիմերի բյուջեների հիմնական մասը, եթե ոչ՝ ամբողջ բյուջեն, ըստ էության, գոյանում է միջազգային ասպարեզում ելույթ ունենալու իրավունք նվաճելուց և ելույթներից: Ֆինանսական լուրջ խնդիրների առաջ հնարավոր է կանգնել միայն այն դեպքում, երբ թիմը անհաջող է ելույթ ունենում Հայաստանի առաջնությունում և չի տիրում եվրագավաթների խաղարկության մասնակցելու ուղեգրին: Այս թվերը վյայում են այն մասին, որ հայկական ֆուտբում՝ մասնավորապես ակումբային մակարդակով, ներդրումները անասելի փոքր տոկոս են կազմում: Ինչևէ, Եվրոպա լիգայի խաղարկության առաջին փուլում «Շիրակը» մրցելու է սլովենական «Գորիցա» թիմի հետ: Կարելի է ասել, որ հաջորդ փուլի ուղեգրին տիրելու պայքարում այս թիմերի հնարավորությունները հավասար են: Հավասար կարելի է գնահատել նաև «Գանձասար-Կապանի» և Մոնտենեգրոյի «Մլադոստ» թիմի հնարավորությունները, իսկ ահա «Փյունիկին» բաժին հասած Սլովակիայի «Սլովանը» կարգով գերազանցում է հայկական թիմին և այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ է: