Կարմիր կովը կաշին չի փոխում

Կարմիր կովը կաշին չի փոխում

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի համաձայն՝ 2016 թվականին Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Հասկանալի է, որ խոսքը գնում է խիստ հավաստի, մի քանի անգամ ստուգված տեղեկատվության մասին: Առնվազն թյուր էին մեր հասարակության այն սպասումները, թե Ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան կվերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում` հաշվի առնելով Հայաստանում հասունացող հակառուսական տրամադրությունները: Ըստ ամենայնի, Մոսկվայում հրաշալի տիրապետում են մեր հանրային կարծիքը մանիպուլացնելու հնարքին և գիտեն, որ մի «Իսկանդերով» կարող են վերականգնել «օրհնած սհաթի» տրամադրությունները: Ըստ երևույթին, թերի է Ադրբեջանին ռուսական ռազմական մատակարարումները միայն բիզնես նկատառումներով բացատրելը: Իհարկե, դա կա ու այդ մոտիվը հիմնականներից մեկն է, որովհետև Ադրբեջանին բաժին է հասնում ռուսական սպառազինության մատակարարումների 4%-ը: Ինքնին պարզ է, որ խոսքը մեծ գումարների մասին է, որից բնականաբար չի հրաժարվի ֆինանսական ռեսուրսների մեծ պահանջարկ ունեցող Ռուսաստանը: Մյուս կողմից` կայսրությունների քաղաքականությունը չի բնութագրվում միայն ֆինանսական շարժառիթներով, եթե նույնիսկ նրանք գտնվում են տնտեսական ճգնաժամի մեջ: Ռուսաստանը չունի փող, կրեատիվ գաղափարներ ու տարածաշրջաններին ու մի շարք երկրների իր ազդեցության տակ պահում է շանտաժի ու հարկադրանքի գործիքներով: Գազը, ռազմաբազաները, սպառազինությունը, չլուծված հակամարտություններն այն գործիքներն են, որոնց միջոցով Ռուսաստանն իրականացնում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում: Եթե չլինեն սպառազինության մրցավազքն ու պատերազմի վտանգը, Հայաստանի արտաքին քաղաքականությունն անհամեմատ անկախ կլինի Մոսկվայից: Նույն Ադրբեջանը, երբեք, անգամ տեսականորեն չի քննարկի իր եվրասիական ինտեգրման հեռանկարը, եթե չգիտակցի Մոսկվայի տարածաշրջանային քաղաքականության ռիսկերը: Սպառազինությունների մրցավազք սանձազերծելով` Մոսկվան փորձում է կառավարել Ղարաբաղյան հակամարտությունը և դրա կողմերին: Հայաստանը հատկապես հայտնվել է «թակարդում» կամ այնտեղ է դրել իր անվտանգությունը, որովհետև մեր երկրի անվտանգության հիմնական սպառնալիքը գալիս է մի երկրից, որն անվանապես մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց բոլոր ուղղություններով «ականապատել» է մեր անվտանգության համակարգը: «Ականապատել» է ոչ թե մեր թշնամիներից մեզ պաշտպանելու, այլ Հայաստանին կաշկանդելու, Հայաստանին «թակարդից» դուրս չթողնելու նպատակով: Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շարժումներ անելն ընդունված չէ և հղի է լուրջ մարտահրավերներով: Հայաստանն այսօր չի կարող իրեն դուրս դնել ՀԱՊԿ-ից, որովհետև կդառնա ռուսական կայսերականության ամբողջ պոտենցիալի թիրախը` չունենալով անվտանգության այլընտրանքային համակարգ: Սակայն մենք պարտավոր ենք գոնե մտածել «թակարդից» դուրս գալու ելքերի մասին, այսինքն` դիվերսիֆիկացնել մեր անվտանգությունը: Նվազագույնը պետք է մեծացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պատուհանը, մանավանդ, որ անցյալ շաբաթ Բրյուսելից ավելի սերտ համագործակցության ուղերձներ փոխանցվեցին Երևանին: