Կիպրոսն ու ՀՀ-ն պետք է միասին պայքարեն Ցեղասպանության ճանաչման համար. Կիպրոսի նախագահի հանձնակատար

Կիպրոսն ու ՀՀ-ն պետք է միասին պայքարեն Ցեղասպանության ճանաչման համար. Կիպրոսի նախագահի հանձնակատար

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակությանը: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Ազգային ժողով, բարձր է գնահատել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա քաղաքական երկխոսությունը: Նա նշել է. «Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ թեւակոխել են նոր փուլ, եւ այսօր առկա է գերազանց միջխորհրդարանական համագործակցություն»: ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի բարեկամ ժողովրդին 1915 թվականին Ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներին օգնության ձեռք մեկնելու եւ 1975 թվականին Հայոց ցեղասպանությունը՝ որպես եվրոպական առաջին երկիր, ճանաչելու ու դատապարտելու համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Կիպրոսի առջեւ ծառացած խնդիրը կստանա արդարացի իրավական լուծում: Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ միջազգային կառույցներում հայկական եւ կիպրական խորհրդարանական պատվիրակությունների միմյանց աջակցելու հարցին՝ կարեւորելով համագործակցությունը նաեւ այդ հարթակներում: Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ երկու երկրները պատմական շատ ընդհանրություններ եւ հնագույն մշակույթ ունեն, որոնց վրա հիմնված է ժողովուրդների բարեկամությունը: Ֆոտիու Ֆոտիսն անդրադարձել է նաեւ Կիպրոսի հայկական համայնքին, որը, նրա խոսքով, մեծ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Պարոն Ֆոտիսը նշել է, որ Կիպրոսը և Հայաստանը պիտի խորացնեն համագործակցությունը տնտեսական, մշակութային և հոգեւոր ոլորտներում՝ միասին պայքարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ երկու երկրների առջեւ ծառացած խնդիրները կարգավորելու ուղղությամբ: