Կառավարության ծրագրի ամենակարևոր հարցը և բացը

Կառավարության ծրագրի ամենակարևոր հարցը և բացը

Հայաստանի կառավարությունը հաստատել է իր ծրագիրն ու այն ներկայացրել խորհրդարան, որն էլ ծրագիրը կքննարկի և ամենայն հավանականությամբ էլ կընդունի: Ծրագիրն ավելի քան 121 էջ է, պարունակում է առավել հանգամանալից և մանրամասն բովանդակություն, քան Կարեն Կարապետյանի կառավարության, այսպես ասած, առաջին ծրագիրը: Թեև այստեղ ամեն ինչ իհարկե հասկանալի է՝ առաջինի դեպքում լիովին այլ ժամկետներ և իրավիճակ էր, ներկայումս այլ: Կարեն Կարապետյանն առաջին ծրագրի դեպքում էլ հայտարարում էր, որ կա կարճաժամկետ, այսպես ասած օպերատիվ գործողությունների ծրագիր և կա ավելի երկար, ռազմավարական: Բայց մյուս կողմից դժվար է ասել, որ ընթացիկ ծրագիրը հենց ռազմավարականն է: Փորձագետներն անկասկած կետ առ կետ և տող առ տող կվերլուծեն նոր ծրագրի նպատակները, թիրախները, նպատակներին հասնելու մեխանիզմները և այլն՝ կքննադատեն, հավանության կարժանացնեն: Այդ գնահատականներն անկասկած ունեն իրենց տեղը, սակայն ծրագիրը ներկայացված է ամենակարևոր հարցի՝ կառավարության ծրագիրի իրականացնողի անպատասխան լինելու պայմաններում: Այսինքն՝ ծրագիրը ներկայացնում է Կարեն Կարապետյանի կառավարությունը հինգ տարվա կտրվածքով, բայց մեղմ ասած հստակ չէ, որ այդ կառավարությունը կամ այդ վարչապետն են լինելու ծրագիրն իրականացնողները: Արդեն հայտնի է, որ 2018 թվականի ապրիլին կառավարությունը դնում է իր լիազորությունները վայր, Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը թողնելուն զուգահեռ: Այստեղ արդեն մնում է բաց հարցը՝ ինչ է անելու Սերժ Սարգսյանը, ինչ է լինելու Կարեն Կարապետյանի հետ, ով է լինելու նոր վարչապետը: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն հայտարարում, որ այն լինելու է Կարեն Կարապետյանը: Դա կարող էր լինել տրամաբանական, եթե, օրինակ՝ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի վերանշանակումը կապեին արդյունքի հետ: Այսինքն՝ ինչը նորմալ է, որ չի երաշխավորվում վարչապետի պաշտոնավարման շարունակությունը, վերանշանակումը: Ինչպես ֆուտբոլային թիմում՝ եթե խաղացողն ունի երաշխավորված տեղ հիմնական կազմում՝ առաջանում է նրա մոտիվացիայի էական նվազման ռիսկ: Հետևաբար, որևէ բարձրակարգ մարզիչ անգամ ամենահեղինակավոր ֆուտբոլիստի տեղը չի երաշխավորի, քանի որ դա մոտիվացիայից կզրկի թե՛ նրան, թե՛ նաև թիմի մյուս խաղացողներին: Ներքին մրցակցությունը խաղային տեղի համար՝ թիմի կենսունակության գրավական է: Նույն տրամաբանությունն անկասկած գործում է այս դեպքում: Սակայն կիսատ, որովհետև այստեղ տեղ ունենալ չունենալու չափանիշը հայտնի չէ: Ֆուտբոլի թիմում, մարզաշխարհում, օրինակ, դա լավ արդյունքն է: Բայց այստեղ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը չեն էլ ասում, որ Կարեն Կարապետյանը կմնա՝ եթե արձանագրի իքս կամ իգրեկ արդյունքը, կամ կգնա, եթե չբավարարի որևէ ցուցանիշ: Այդպիսով, կա կառավարության ծրագիր հինգ տարվա համար, չկա որևէ հրապարակային չափորոշիչ այդ կառավարության ծրագրի իրականացումը ղեկավարող պաշտոնյայի վերաբերյալ: Հետևաբար, մեղմ ասած՝ անհավանական չէ այն, որ ընդամենը մեկ տարի անց Հայաստանը կարող է ունենալ բոլորովին այլ ծրագիր այն պարզ պատճառով, որ կունենա բոլորովին այլ կառավարություն: Սակայն, ըստ էության, իրականում խնդիրը և իրավիճակն այնպիսին է, որ արդեն իսկ այժմ գործ ենք ունենալու կառավարության իրապես այլ ծրագրի հետ, քան այն, ինչ ներկայացված է: Բանն այն է, որ ներկայացված ծրագիրն այնպիսին է, որ դրա իրականացման ոչ միայն արդյունքը կբերի այլ իշխանության՝ այլ որակի, այլ համակարգի, այլ դրա իրականացման համար ինքնին պետք է այլ համակարգի և որակի իշխանություն, որն այժմ ուղղակի չկա: Հետևաբար, կառավարությունը հանրությանը ներկայացնում է մի ծրագիր, սակայն իրականում գործունեությունը լինելու է բոլորովին այլ կամ ծրագրով, կամ ինչպես պատահի, այսինքն՝ ինչպես կթելադրի ներիշխանական ուժերի հարաբերակցությունն ու շահերի գերակայությունը: