Ստեփանակերտից «Մուրացանի» հոսպիտալ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ևս մեկ զինծառայող

Ստեփանակերտից «Մուրացանի» հոսպիտալ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ևս մեկ զինծառայող

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական «Մուրացան»-ի հոսպիտալ հունիսի 19-ին Ստեփանակերտից ուղղաթիռով ևս մեկ զինծառայող է տեղափոխվել, ով ադրբեջանական կողմի սադրանքների հետևանքով վիրավորում է ստացել հունիսի 17-ին: Լլրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանն ասաց, որ նա ծայրահեղ ծանր վիճակում է: «1997 թվականին ծնված Յուրի Արմենի Զաքարյանը ստացել էր գլխի հրազենային թափանցող վիրավորում: Ստեփանակերտում նրան վիրահատել են, հիմա վիրահատության կարիք չկա: Նրա մոտ գիտակցությունը բացակայում է, գտնվում է արհեստական շնչառության տակ»,- ասել է Հովհաննիսյանը: «Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող 1997 թվականին ծնված ժամկետային զինծառայող, գլխի ականապայթյունային վիրավորում ստացած Արմեն Հարությունի Վարդանյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: «Ներկայում հիվանդն ինքնուրույն շնչում է, կոնտակտի մեջ մտնում է: Վիրահատության կարիք չկա, գտնվում է հսկողության տակ»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը: