Իմ ազատման հարցում դեր է ունեցել ՕԵԿ-ը՝ իր ախմախ ու անկուշտ նախարարով. Գյուլզադյան

Իմ ազատման հարցում դեր է ունեցել ՕԵԿ-ը՝ իր ախմախ ու անկուշտ նախարարով. Գյուլզադյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վռամ Գյուլզադյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Ինչպես տեղեկացրին կառավարությունից, Գյուլզադյանը կպաշտոնավարի հասարակական հիմունքներով: Գյուլզադյանը Լոռու մարզի Վարդաբլուր գյուղից է, մասնագիտությամբ՝ գյուղատնտես: Գյուղխորհրդի նախագահի պաշտոնից հետո՝ 1999 թվականին, ընտրվել է ԱԺ պատգամավոր մեծամասնական ընտրակարգով: «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է դարձել և 2003 թվականին կրկին ընտրվել պատգամավոր, որից հետո եղել է գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի պետական տեսչության պետ, որտեղից նրան հեռացրել են: Դրանից հետո Գյուլզադյանը առաջադրվել է Վարդաբլուր համայնքում որպես գյուղապետի թեկնածու, սակայն հաջողության չի հասել, և մինչ օրս զբաղվում է ֆերմերությամբ: «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց վարչապետի նորանշանակ խորհրդականին: - Պարոն Գյուլզադյան, ինչո՞ւ եք հասարակական հիմունքներով խորհրդական նշանակվել: Դա վարչապետի՞ առաջարկն է եղել: - Այո, ես հասարակական հիմունքներով եմ, անվճար, առանց աշխատավաձի, ազատ գրաֆիկով: Առաջարկը եղել է վարչապետի կողմից՝ ֆերմերների հետ հանդիպման ժամանակ: Վարչապետն առաջակեց, ես էլ, բնականաբար, համաձայնեցի: - Ուզում էի հասկանալ՝ վարչապե՞տն առաջարկեց հասարակական հիմունքներով, առանց աշխատավարձի խորհրդական նշանակել Ձեզ: - Ես եմ այդպես ուզել: Ինձ առաջարկեցին որպես խորհրդական, ես էլ ասացի, որ միայն ազատ գրաֆիկով: Ասացի՝ եթե համաձայն եք, ես կաշխատեմ, եթե ոչ՝ ոչ: Ես ասացի, որ աշխատավարձ  չեմ ուզում, ես լրիվ աշխատանքային օրվա զբաղվածությամբ չեմ կարող աշխատել: Ես ֆերմեր մարդ եմ, իմ աշխատանքը ունեմ, գործունեությունը ծավալում եմ: Պարզապես գյուղատնտեսությունից մի քիչ հասկանում եմ և ուզում եմ օգտակար լինել: Այսքանը: - Պարոն Գյուլզադյան, մամուլն արդեն հիշել է Ձեր ազատման պատճառները գյուղնախարարությունից: Իսկապե՞ս Դավիթ Հարությունյանը առնչություն ուներ նախարարությունից Ձեր հեռացման հարցում: - 10 տարի անցել է այդ պատմությունից, ի՞նչ կարիք կա հիմա դա հիշելու: Դավիթ Հարությունյանը կամ նրա աղջիկը ոչ մի կապ էլ չունեն իմ ազատման հետ, նրանք ոչ մի դեր չեն ունեցել: Իմ ազատման հարցում դեր է ունեցել «Օրինաց երկիրը»՝ իր ախմախ նախարարով (այն ժամանակ գյուղատնտեսության նախարարը ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանն էր-Ս. Հ.): Գերաս էր՝ ինչ էր, ազգանունն էլ եմ մոռացել: Մարդը անկուշտ մարդ էր, անընդհատ փող էր ուզում, ես էլ ասում էի՝ փող չկա, քանի որ ես փող չեմ հավաքում: - Դրա համար էլ հեռացրե՞ց: Կաշա՞ռք էր ուզում: - Դե դրա համար չէ, պատճառը դա էր, մահանա գտան ու հեռացրին: - Դուք նախկինում տևական ժամանակ պատգամավոր եք եղել, այնուհետև նախարարությունում եք աշխատել, ապա առաջադրվել եք գյուղապետի թեկնածու, իսկ հիմա ֆերմերությամբ եք զբաղվում: Ֆերմեր լինելը պատգամավոր լինելուց, քաղաքականությամբ զբաղվելուց նախընտրելի՞ է: - Քաղաքականությամբ զբաղվելու համար ազատ ժամանակ է պետք: Էն ժամանակ էլ, երբ  ՕԵԿ անդամ էի, միշտ էլ պաշտոն-մաշտոն առաջարկվել է ինձ, բայց ես միշտ հրաժարվել եմ, քանի որ շատ եմ սիրում ֆերմերությունը: Ես այս բնագավառի մարդ եմ, ես պաշտոն չեմ ուզում, չինովնիկ լինել չեմ ուզում: Բացի այդ, ուզելը՝ մի կողմ, ես չինովնիկ չեմ էլ կարողանում լինել: - Իսկ արդեն ունե՞ք առաջնահերթություններ՝ ինչի՞ց եք սկսելու, ի՞նչ խնդիրներ եք ներկայացնելու վարչապետին գյուղատնտեսության բնագավառից: Կա՞ն արդեն առանձնացված խնդիրներ, հարցեր: -Ես որոշակի հարցեր գյուղատնտեսության հետ կապված արդեն ներկայացրել եմ, որոնք կնպաստեն ֆերմերային տնտեսությունների ձևավորմանը, զարգացմանը, գյուղատնտեսության մեջ ապահովագրության ստեղծմանը, ինչպես նաև սուբսիդավորման ձևի փոփոխությանը:   Լուսանկարը՝  galatv.am-ի