Լոնդոնում խոշոր հրդեհի պահին բարձրահարկում հայ դասախոսի ընտանիք է եղել

Լոնդոնում խոշոր հրդեհի պահին բարձրահարկում հայ դասախոսի ընտանիք է եղել

Լոնդոնում Grenfell Tower բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից հայ ընտանիք է փրկվել: Մեսրոպ Կասեմջյանը 4 News հեռուստաընկերությանը պատմել է, թե ինչպես է հրդեհի ժամանակ իր 68-ամյա հորաքրոջն օգնել դուրս գալ շենքի 17-րդ հարկից: «Մենք կարողացանք դուրս գալ, բայց կորցրել ենք ամեն ինչ: Հիմա ես ունեմ միայն այն, ինչ կրում եմ ինձ վրա ու իմ հեռախոսը»,- պատմել է նա: Կասեմջյանը պատմել է, որ ինքը ձայներ է լսել, որից հետո նայել է պատուհանից ու տեսել է, որ շենքն այրվում է: «Ես տեսա, որ կրակը շատ արագ բարձրանում է: Հորաքույրս քնած էր, ես արթնացրի նրան, և մենք սկսեցինք աստիճաններով ցած իջնել: Միջանցքում ծուխ էր: Հորաքրոջս համար շատ դժվար էր, քանի որ նա ծեր կին է, իսկ ծուխը գնալով ավելի էր ուժեղանում, բայց մենք կարողացանք դուրս գալ շենքից: Երբ մենք դուրս եկանք, ես նկատեցի, որ շենքի մի կողմն ամբողջությամբ կրակի մեջ է»,- պատմել է նա։ 28-ամյա հայազգի տղամարդը հանդիսանում է Centre Croydon համալսարանի դասախոս։ Նրա ուսանողները փորձում են 15 հազար ֆունտ հավաքել՝ սիրելի դասախոսի կրած վնասը մասնակից փոխհատուցելու համար։ Լոնդոնի արևմտյան մասում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից զոհվածների թիվը, ըստ վերջին պաշտոնական տվյալների, հասել է 79-ի: Լոնդոնի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել էր հունիսի լույս 14-ի գիշերը: Այն շարունակվել է ավելի քանի երկու օր, ինչի հետևանքով 24-հարկանի շենքը գրեթե ամբողջովին մոխրացել է։ Տարհանված բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են մերձակա հասարակական կենտրոններում, մզկիթներում ու եկեղեցիներում: