Բաքուն երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից. Ալի Հասանով

Բաքուն երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից. Ալի Հասանով

Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու: Այս մասին փոխանցում է APA գործակալությունը։ «Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, և այն հասցվել է համանախագահներին, ՄԱԿ ԱԽ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային հանրությանը: Իսկ դիրքորոշումը հետևյալն է. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, փախաստականներն ու տեղահանված անձիք պետք է վերադառնան իրենց տները, պետք է պահպանվեն միջազգային իրավունքի նորմերը»,-ասել է նա: «Նախագահ Ալիևը բազմիցս ասել է, որ Ադրբեջանը ոչ մի թիզ հող չի զիջի որևէ մեկին: Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք տարածաշրջանում հասնել կառուցողական խաղաղության»,- ասել է նա: Հասանովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցի նպատակն է իրավիճակը պարզաբանելը, ևս մեկ անգամ կողմերի մոտեցումները հստակեցնելը, կողմերի դիրքորոշումները մոտեցնելն ու առաջընթացի հասնելը՝ կապված հակամարտության կարգավորման հետ։ «Մենք կարծում ենք, որ ցանկացած ձևաչափով հանդիպման անցկացումը կծառայի շփման ընդհանուր եզրեր փնտրելուն։ Դրանք վաղ թե ուշ կգտնվեն, հակառակ դեպքում՝ պատերազմը և ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների ազատագրումն անխուսափելի են»,-ասել է Հասանովը։