«Անալիտիկի» գործն իմ հետաքրքրություններից դուրս է. Տիգրան Ուրիխանյանը՝ երկընտրանքի առաջ

«Անալիտիկի» գործն իմ հետաքրքրություններից դուրս է. Տիգրան Ուրիխանյանը՝ երկընտրանքի առաջ

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնվել է երկընտրանքի առաջ: Կամ պետք է ներկայանա դատարան և պնդի նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները, կամ՝ գնա և հրաժարվի իր ցուցմունքներից և նշի, որ «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի հետ ունեցել է որոշակի համագործակցություն և հիմա որևէ բողոք չունի նրա դեմ: Սակայն ինչպես երևում է, Ուրիխանյանը չի կարողանում ընտրություն կատարել: Նա արդեն 3 դատական նիստի չի ներկայանում տարբեր պատճառաբանություններով: Եվ եթե հունիսի 22-ին Ուրիխանյանը դատարան չներկայանա, նրա նկատմամբ բերման ենթարկելու որոշում կկայացվի: Այդ պահանջը նախօրեին կայացած դատական նիստին դրեց նաև Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նա պնդեց, որ կամ պետք է Ուրիխանյանը բերման ենթարկվի, կամ իր պաշտպանյալի՝ Անի Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխվի: Մեզ հասած տեղեկություններով՝ Ուրիխանյանը վճռական է տրամադրված: Նա դեռ իր շրջապատում հայտարարում է, որ գնալու է դատարան և պատռելու է Անի Հովհաննիսյանի դիմակը, ինչի համար ունի բավարար ապացույցներ, որոնք ներկայացնելու է միայն դատարանում: Դրանից զատ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ուրիխանյանին հանձնարարել է վերջնականապես փակել թեման՝ կամ գնալ դատարան, պատմել ամբողջ ճշմարտությունը, հաստատել իր նախաքննական բողոքն ու ապացուցել դրա ճշմարտացիությունը, կամ հակառակը, բայց փակել թեման: Բոլորը սպասում են Ուրիխանյանի որոշմանը: Ծառուկյանը Ուրիխանյանին զգուշացրել է, որ եթե անգամ նա կարող է դատարանում ապացուցել իր ճշմարտացիությունը, որ Անի Հովհաննիսյանը իրենից շորթում է կատարել, ապա կարող է գնալ անգամ դրան, անկախ նրանից, որ դրա արդյունքում Անի Հովհաննիսյանը հնարավոր է մնա կալանքի տակ: Բայց այն հանգամանքը, որ Ուրիխանյանը դեռևս հապաղում է, նշանակում է, որ նրա ապացույցները բավարար չեն: Բացի այդ, Անի Հովհաննիսյանը ևս համառում է, որ Ուրիխանյանը ներկայանա դատարան: Նրա վստահությունը նույնպես գալիս է ապացուցելու, որ մի բան այն չէ: Տիգրան Ուրիխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս գործի վերաբերյալ ինքը մեկնաբանություններ չունի, չի տալիս, քանի որ գործն իր հետաքրքրությունների շրջանակից դուրս է: Մեր դիտարկմանը, որ ինքը տուժող է ճանաչվել և կարգավիճակից ելնելով պետք է ցուցմունք տա դատարանում, ինչպե՞ս կարող է այդ ամենն իր հետաքրքրություններից դուրս լինել, Ուրիխանյանը պատասխանեց. «Այն, ինչ որ ես պետք է կամ պետք չէ անեմ, սահմանում է Սահմանադրությունը: Խնդրում են, ինձ այդ թեմայով չանհանգստացնել»,- ասաց նա: Նշենք, սակայն, որ ՀՀ օրենսդրությամբ որևէ արգելք չկա պատգամավորին դատարան բերման ենթարկելու մասով: Դատարանը հանգիստ կարող է նրա նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացնել: Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ինչպես նաև, ըստ մեղադրանքի, լինելով «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ, լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով կատարել է խոշոր չափերի շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից պահանջել է խոշոր չափի` 1 մլն դրամ գումար: