Զինվորի կյանքն ապահովագրելու գուցե դառը, բայց միակ լուծում ենթադրող ճշմարտությունը

Զինվորի կյանքն ապահովագրելու գուցե դառը, բայց միակ լուծում ենթադրող ճշմարտությունը

Արցախի սահմանին հունիսի 16-17-ին տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքն ու ողբերգական հետևանքը, երբ հայկական զինուժը երկու օրերի ընթացքում ունեցավ 4 զոհ, Հայաստանի հանրության շրջանում վերստին առաջացրին աշխույժ քննարկումներ առ այն, թե որն է այս իրավիճակի «վերջը», թե «մինչև երբ»: Խոսել այն մասին, որ երիտասարդ տղաների կորուստը ահավոր է և սարսափելի, նշանակում է ըստ էության ոչինչ էլ չխոսել, քանի որ դա մի բան է, որի վերաբերյալ երկրորդ դատողություն լինել իսկ չի կարող: Եվ այս տեսանկյունից իսկապես խիստ կարևոր է վերջ դնել այս իրավիճակին: Բայց այստեղ արդեն կարծիքները բաժանվում են: Հանրության մի մասն այս իրավիճակին վերջ դնելու տարբերակ է դիտարկում Ադրբեջանին, այսպես ասած, վերջ դնելը, մյուս մասը՝ Ադրբեջանի հետ փոխզիջումային համաձայնության գալը, տարածքների վերադարձը և խաղաղության պայմանագրի կնքումը: Օրինակ՝ այդ դիտանկյունից հանդես էր գալիս խորհրդարանի ընտրության մասնակից ուժերից մեկը՝ ՀԱԿ-ը: Թեև խոշոր հաշվով դե յուրե այդ դիտանկյանն են հարում նաև իշխանությունը և մեծ հաշվով ամբողջ քաղաքական դաշտը, որովհետև որևէ քաղաքական ուժ, հատկապես հիմնական խաղացողներից, չի հայտարարում, որ դեմ է, օրինակ, Մադրիդյան սկզբունքներին՝ տարածքների վերադարձի դիմաց խաղաղության պայմանագրի մոդելին: Խնդիրն այն է, որ տարբեր են պատկերացումները, այսպես ասած, կարգավիճակի և նաև անվտանգության երաշխիքների հարցում: Սակայն Հայաստանի հանրային շրջանակներում տարածված գործնականում երկու մոտեցումներն էլ իրատեսությունից հեռու ծայրահեղություններ են: Հայաստանի բանակը մարտունակ է, սակայն հայկական պետականությունն ու բանակը չեն հասել Ադրբեջանի հանդեպ այնպիսի ռազմաքաղաքական առավելության, որ իրատեսական դիտվի Ադրբեջանին այնպիսի ռազմական հարված հասցնելը, որի հետևանքը Բաքվին կստիպի, այսպես ասած, կապիտուլացվել՝ դե յուրե, կամ դե ֆակտո, և դադարել սահմանին մարդ սպանելու վրա խարսխված քաղաքականությունը: Մյուս մոտեցումը՝ գնալ, այսպես ասած, փոխզիջումային կարգավորման, ևս անիրատեսական է՝ երկու պատճառով. նախ, որ դրան չի գնում Ադրբեջանը, և բացի այդ՝ դրան գնալը նշանակելու է գնալ Ադրբեջանի պահանջներին ընդառաջ: Իսկ տարածքները Ադրբեջանի պահանջի ընդամենը մի մասն են, ոչ թե ամբողջը: Հետևաբար, ստանալով մասը, Բաքուն ոչ թե համարելու է իր պահանջները բավարարված և գնալու է խաղաղության, այլ համարելու է իր մարտավարությունը հաջողած և գնալու է հաջողված մարտավարության շարունակության: Հետևանքը լինելու է այն, որ հայկական կողմն ընդամենը Բաքվին տալու է հոգեբանական և դիրքային առավելություն: Այսինքն՝ սահմանին երիտասարդ տղաների կյանքը փրկելու հարց չի լուծվելու, ավելին՝ Բաքվի ձեռքին տրվելու է «հաջողության» խաղաքարտ: Այդ դեպքում որն է ելքը, ինչպես լուծել հարցը, որպեսզի դադարենք սահմանից լսել ողբերգական տեղեկություններ, որպեսզի մեր տղաների կյանքը չլինի ռիսկի տակ: Հասարակությունն, իհարկե, մշտապես սպասում է լուսավոր ելքերի, դյուրին ելքերի, սակայն այս պահին խոսել այդ մասին ինքնախաբեություն է: Պետք է լինել իրատես ու գիտակցել խորապես, որ ներկայումս անիրատեսական է սպասել սահմանային այդ ռիսկերի չեզոքացում: Լուծման թե՛ ռազմահայրենասիրական, թե՛, այսպես կոչված, խաղաղասիրական տարբերակները ինքնախաբեություն են: Պետք է իրականությանն ու ճշմարտությանը նայել բաց աչքերով և հասկանալ, որ սահմանային այդ ռիսկը մեզ հետ լինելու է երկար տարիներ, դա մեր իրավիճակն է, մեր պետականության ինչ-որ իմաստով ճակատագիրը առնվազն առաջիկա մի քանի տարիներին: Մենք լուծումներ և կյանքի ռիսկերի նվազեցում կարող ենք գտնել կամ ապահովել միայն այդ իրականությանը դեմ առ դեմ նայելու և լուծումները հենց դրա անխուսափելիության արձանագրմամբ փնտրելու դեպքում: Լուծումը Հայաստանում ներքին և արտաքին պոտենցիալի ավելացումն է ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական արդիականացման և նաև արտաքին քաղաքականության համարժեք, աշխարհաքաղաքական միտումների հետ տրամաբանական համադրություն ունեցող և Հայաստանի պետական շահին ու անվտանգությանը հղում կատարող քաղաքականության միջոցով, ամեն տեսակի «միակ փրկիչ» կամ «միակ դաշնակից» եզրույթներից հրաժարվելու և աշխարհը թշնամիների ու բարեկամների բաժանելու փոխարեն՝ հայկական շահը աշխարհում հստակ և պրագմատիկ տեղաբաշխելու միջոցով: Այլ կերպ չի լինելու, այլ լուծումները մեզ ընդամենը ավելի են հեռացնելու իրականությունից և դարձնելու են ավելի խոցելի՝ ոչ միայն սահմանին, այլ նաև ժամանակի ու տարածության մեջ ընդհանրապես՝ որպես պետականություն: Որպես «էլիտա»՝ Հայաստանի իշխանությունը չի եկել այդ եզրահանգմանը և երկու տասնամյակ զբաղվել է մանիպուլյացիաներով: Վերջին շանսն է այդ եզրահանգմանը գալ որպես հասարակություն և «էլիտային» պարտադրել համապատասխան վարքագիծ՝ հասարակական համապատասխան գիտակցության և պահանջի միջոցով:   Լուսանկարը՝  gettyimages-ի