Գուցե Մոսկվան շատ անշնորհք ձևով փորձում է ցույց տալ, որ սկսել է Հայաստանին բանի տեղ չդնել

Գուցե Մոսկվան շատ անշնորհք ձևով փորձում է ցույց տալ, որ սկսել է Հայաստանին բանի տեղ չդնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Աղասի Ենոքյանը: - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում անցյալ շաբաթ տեղի է ունեցել վարչության պետերի մակարդակով հայ-ռուսական խորհրդակցություն, որը վերաբերել է հյուսիսամերիկյան երկրների հետ գործակցությանը: Խոսքը կոնկրետ վերաբերում է ԱՄՆ-ի և Կանադայի հետ գործակցությանը: Ռուսաստանն ի՞նչ առնչություն և մտավախություն ունի Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասով։ Ինչո՞ւ Հայաստանը պետք է դա քննարկի Ռուսաստանի հետ։ - Հայ-ռուսական հարաբերությունները, թեկուզ Միացյալ Նահանգների և Կանադայի հետ գործակցության խնդրով, չեն կարող կառուցվել ԱԳՆ վարչության պետերի մակարդակով, ավելին՝ այդ հարցով Մոսկայից Երևան մարդ չէր գա: Այդ մասին Կրեմլը ասում է Սերժ Սարգսյանին կամ վատագույն դեպքում՝ Էդուարդ Նալբանդյանին: Այնպես որ, նման տեղեկատվության տարածումը չափազանց հետաքրքիր է, և կարելի ենթադրել, որ այն հիմնականում ունի ապատեղեկատվական բնույթ՝ կա՛մ եղել է ուրիշ քննարկում, այդ մասին իմացվել է, և ստիպված այս տեղեկատվությունն են տարածել, կա՛մ Ռուսաստանը շատ անշնորհք ձևով փորձում է ցույց տալ, որ սկսել է Հայաստանին բանի տեղ չդնել: - Ինչո՞վ են պայմանավորված Ռուսաստանի և Հայաստանի խորհրդակցությունները ԱՄՆ ու Կանադայի հետ հարաբերությունների թեմայով: Ինչ-որ խնդիրնե՞ր են առաջացել ԱՄՆ-Ռուսաստան-Հայաստան եռանկյունում: - Հայ-ամերիկյան հարաբերություններում կարծես թե նոր խնդիրներ չկան: Սպիտակ տանը շարունակվում է քաոսը, և այդ քաոսի ներքո Թրամփը շարունակում է Պուտինին ակամա օժանդակելու քաղաքականությունը՝ հարձակվում է ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի վրա, նոր պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Պետք է հաշվի առնել, որ Կոնգրեսով հաստատվող՝ պետքարտուղարության պատասխանատու աշխատատեղերի 80%-ը թափուր է, և այդ պայմաններում լուրջ մշակված արտաքին քաղաքականության մասին խոսելը անիմաստ է: Թերևս Հայաստանի հետ կապվող միակ հարցը վերականգնվող էներգետիկայի զարգացման համար առաջարկվող 8 միլիարդի ներդրումն է, որը երևի թե մնացել է դեռևս Օբամայի ադմինիստրացիայի ժամանակից: Համոզված եմ, որ առանց Ռուսաստանի հետ խորհրդակցելու էլ Երևանը կմերժի այդ հեղափոխական առաջարկը, քանի որ այն մի շարք տեսանկյուններից կարող է թուլացնել Կրեմլից վասալական կախվածությունը: - Հայաստանն ինչո՞ւ է իր արտաքին քաղաքականությունը համաձայնեցնում Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը՝ ոչ, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի մասով. մենք վերանայումների անհրաժեշտություն չունե՞նք։ - Դուք համեմատում եք անհամեմատելին: Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ արտաքին քաղաքականություն է կառուցում, իսկ Հայաստանը պարզապես պարտավոր է ենթարկվել այդ որոշումներին և Մոսկվայի մնացած որոշումներին: Ռուսաստանից ամբողջապես կախված արտաքին քաղաքականության պայմաններում, կարծում եմ, Հայաստանի ԱԳՆ գոյությունը անթույլատրելի ճոխություն է, հարկատուների փողերի անիմաստ մսխում: