Ռուսաստանը նոր դեսպան ունի Թուրքիայում

Ռուսաստանը նոր դեսպան ունի Թուրքիայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Թուրքիայում ՌԴ-ի դեսպան է նշանակվել Ալեքսեյ Երխովը՝ հայտնում է Interfax-ը։ Երխովը Անկարայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կգլխավորի Անդրեյ Կառլովի փոխարեն։ Մինչ այժմ Ալեքսեյ Երխովը գլխավորում էր ՌԴ ԱԳ նախարարության Ճգնաժամային իրավիճակների կենտրոնի դեպարտամենտը: Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովն սպանվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում գեղարվեստի ցուցահանդեսի բացման ժամանակ: Թուրքիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ ռուս դիվանագետի վրա կրակել էր ոստիկան Մևլյութ Մերթ Ալթընթաշը: Նա Կառլովին սպանել էր ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականության հանդեպ դժգոհությամբ: Հարձակման հետևանքով տուժել էր ևս երկու մարդ: Հարձակվողը ոչնչացվել էր հատուկ նշանակության ուժերի կողմից: ՌԴ ԱԳ նախարարությունը հարձակումը որակել էր ահաբեկչական գործողություն: Կառլովին հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում։