«Երկիր Ծիրանի»-ի «դավաճանները» հանդես կգան հայտարարությամբ

«Երկիր Ծիրանի»-ի «դավաճանները» հանդես կգան հայտարարությամբ

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ անվստահություն հայտնելով Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին: Նշվում է, որ անվստահության հիմք է ընդունվել վերջիններիս կողմից կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և սկզբունքները չպահպանելը: Հայտարարության մեջ նաև նշվել է, որ իրենց գործունեությամբ, վարքով և կայացրած որոշումներով նրանք շեղվելով կուսակցության ծրագրից, սկզբունքներից և գաղափարախոսությունից՝ չեն կատարել իրենց առջև դրված պարտականությունները, ինչը դավաճանություն է երևանցիների շահերի, խմբակցության անդամների, ինչպես նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնարար դրույթների հանդեպ: Այս մասին ասվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայության հայտարարության մեջ։ Ելնելով վերոգրյալից`«Երկիր Ծիրանի» կուսակցության անունից Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին առաջարկվում է հրաժարվել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը երևանցիների կողմից տրված ձայների հիմքով Երևանի ավագանու լիազորություններից։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայկ Պետրոսյանը նշեց, որ Մնացական Պարակշիևի հետ միասին առաջիկա ժամերի ընթացքում հանդես կգան հայտարարությամբ, որում մանրամասն կներկայացնեն իրավիճակը: Իսկ եթե հարցեր մնան, ապա հայտարարություն տարածելուց հետո պատրաստ են տալ մեկնաբանություններ: