«Նուբարաշեն»-ի բարդակը ամենուր է․ ներքևի օղակները մատաղի ուլ են կոռումպացված խոշորներին կոծկելու համար

«Նուբարաշեն»-ի բարդակը ամենուր է․ ներքևի օղակները մատաղի ուլ են կոռումպացված խոշորներին կոծկելու համար

«Ենթադրենք՝ մի քանի աշխատակցի աշխատանքից հեռացրեցին, դատապարտեցին և այլն, բայց չէ՞ որ դրանով հարցը չի լուծվում։ Այսինքն՝ ոչ թե հարցի դրսևորումներն է պետք լուծել, այլ խնդիրը, իսկ խնդիրը պետք է համակարգային լուծում ստանա։ Միամտություն կլինի կարծելը, որ դեպքից հետո էլ որևէ մեկը հեռախոս, թմրանյութ կամ այլ արգելված իր չի մտցնի բանտախուց։ Ես սա ավելի շատ համարում եմ շոու-ծրագիր, ասենք՝ ՔԿՀ-ի ամենստորին օղականերից են կառչում, որ ցույց տան՝ իրենք գործ են անում, բայց հայտնի ասացվածքը կա՝ ձուկը գլխից է հոտում։ Ես չեմ ասում, որ հանցագործություն կատարածները չպետք է պատժվեն, բայց դա գալիս է ընդհանուր ամենաթողությունից, որը տիրում է մեր երկրի բոլոր ոլորտներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՔԾ օրերս տարածած այն հաղորդագրությանը, ըստ որի՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացահատվել է կաշառակերության ավելի քան 30 դրվագ, և ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև ՔԿՀ-ի անվտանգության աշխատակցի նկատմամբ։ Նշենք նաև, որ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է՝ քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ-ի աշխատակից Կարեն Սարգսյանն անօրինական գործարքների մեջ է մտել դատապարտյալների, կալանավորների հետ և կաշառքի դիմաց վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարել` նրանց փոխանցելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված` քրեակատարողական հիմնարկներում արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք և թմրամիջոցներ: Տիկին Պողոսյանի գնահատմամբ՝ այս ամենը բխում է պատասխանատվության բացակայությունից։ Նրա խոսքերով՝ Հայաստանում փոխվում են միայն արդարադատության նախարարները կամ վարչության պետերը, մինչդեռ հիմնարար խնդիրները այդպես էլ մնում են օդում առկախված։ «Այս բոլոր երևույթները նմանվում է բարձրաստիճան պաշտոնյաների շքախմբի, այսինքն՝ մի ղեկավարի փոխում են մյուսով, առաջին օրերին ինչ-որ փոփոխությունների իմիտացիաներ են կատարվում, ու հետո այդպես լճանում է խնդիրը։ Օրինակ՝ Դավիթ Հարությունյանը առաջին անգամ չէ, որ արդարադատության նախարար է և շատ լավ գիտի ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը, այսինքն՝ եթե ինչ-որ լուրջ փոփոխություններ է ուզում անել, ապա դրանք կարող էր նախկինում էլ անել և իրենից հետո էլ շարունակական բնույթ պետք է դա կրեր։ Ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի ՔԿՀ-ներում տիրող վիճակի համար, և ընդհանրապես ցանկացած ոլորտում տիրող այդ «բարդակի» համար պատասխանատու են հենց առաջին դեմքերը՝ նախարարներից սկսած։ Մենք ինչքան էլ խոսենք, խնդիրների մասին բարձրաձայնենք, դա կարծես թե բամբասանքի է նմանվում, որ հա ասեցինք, դրա մասին գրվեց, մարդիկ մամուլում կարդացին և վերջացավ, բայց չէ որ դա հետևանքներ պետք է ունենա, կոնկրետ նպատակ դնեն այդ խնդիրները վերացնելու համար, կամ ասում են՝ դատավարները կաշառք են վերցնում, բայց չէ որ այդ դատավորներին էլ են իրենք նշանակում, իրենք են ընտրում, և այն, որ մեր երկրում արդարադատություն գոյություն չունի, դա նորություն չի, իսկ այն ինչ տեղի է ունենում ՔԿՀ-ներում, այդ ամբողջը պատճառահետևանքային շղթա է, համակարգային խնդիր»,- շեշտեց իրավապաշտպանը։ Մամուլում նաև այսպիսի տեղեկություններ կան, որ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո, ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանից պահանջել են խիստ աշխատանք ՔԿՀ ոլորտը կարգավորելու, բարեփոխելու համար։ Եվ բացի դրանից՝ լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ առաջիկայում փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ պետերի շրջանում, մասնավորապես՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից և նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ ղեկավար, իսկ ահա «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոց»-ը։ Չի բացառվում նաև, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը ևս լքի իր պաշտոնը և աշխատանքի անցնի քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնում: Մեր հարցին, թե՝ ՔԿՀ-ների պետերի հնարավոր տեղափոխությունը, արդյո՞ք կարող է խնդրի լուծում համարվել կամ ընդհանրապես դրական արդյունք խոստանալ, իրավապաշտպանը պատասխանեց․ «Էդ ռակիրովկաներից, շախմատ խաղալու իրանց քայլերից ժողովուրդը հոգնել է։ Եթե մեկը թերացել է իր պարտականությունների մեջ, առանց նրան պատասխանատվության ենթարկելու, մեկ ուրիշ կառույց տեղափոխելու իմաստը ո՞րն է։ Եթե կա հիվանդության վարակ, ուրեմն այդ վարակը պետք է վերացնել, իսկ մենք էդ վիրուսը վերցնում, տանում ենք ուրիշ տեղ, որ այնտեղ էլ այդ վիրուսը տարածվի, հա՞։ Սա խոսում է միայն այն բանի մասին, որ բոլորը կերակրվում են նույն տեղից և այնքան իրար հետ փոխկապակցված են, որ եթե մեկին պատասխանատվության ենթարկեն, ապա կսկսվի շղթայական ռեակցիա, բոլորն իրանց հովանավորների ու հանցագործությունների մեղսակիցների անունները կասեն, որովհետև իրենք մենակ չէ, որ այդ փողերը տնօրինում են, դրա համար էլ ոչ մեկին չեն նեղացնում ։ Ճիշտն ասած՝ այդ բարեփոխում բառն էլ ինձ նյարդայնացնում է, էս 20 տարի է մենք բարեփոխում ենք, բայց թե ինչը՝ չգիտեմ, արդյունքը չենք տեսնում այդ բարեփոխումների, եթե չասենք, որ առ այսօր մենակ հակառակն է եղել, որևէ բարձրաստիճան պաշտոնյայի չենք տեսել, որ դատապարտվի։ Հայտարարում են, որ կոռուպցիայի դեմ պայքար է, երկու հոգի ձերբակալում են ու վերջ, դրանով կոռուպցիան ավարտվե՞ց, հա՞, այսինքն՝ այնքան ձևական է այս ամեն ինչը, որ չեմ կարծում՝ որևէ արդյունք կտա։ Էդ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ ամենացածր օղակներին են բռնում, դրանք ոնց որ կոռուպցիայի մատաղի ուլ լինեն, դրանց բռնում մատաղ են անում ու համարում են, որ պայքարել են կոռուպցիայի դեմ»։ Մարինա Պողոսյանի պնդմամբ՝ այս ամենը պետք է դիտարկել զուտ որպես պայքարի իմիտացիա, ուրիշ ոչինչ։ Նա հավատացած չէ, որ սա կոռուպցիայի դեմ հայտարարված համալիր պայքարի շրջանակներում է տեղավորվում, քանզի ըստ նրա՝ արդեն իսկ պետք է պատասխանատվության ենթարկված լինեին այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անմիջական ներգրավվածություն և մասնակցություն ունեն «փողերի յուրացման» հետ։ Այս համատեքստում նա ընդգծեց․ «Հիմա որ այդ ազդարարի ինստիտուտն են ուզում ներդնեն, դրանով ի՞նչն է փոխվելու, եթե ազդարարի ինստիտուտը չլիներ, ուրեմն պիտի կոռուպցիա լիներ, ազդարարի ինստիտուտով է հա որոշվում՝ կաշառք վերցնեն, թե՞ չէ։ Երբ մենք տեսնում ենք այդ միլիոնավոր դոլարների հասնող դղյակները, թանկարժեք մեքենաները ու դրան զուգահեռ մեր բնակչության ծայրահեղ աղքատությունը, խիստ բևեռացումը, ու որևէ մեկը իր թալանածը հետ չի բերում, ապա ինչ կոռուպցիայի դեմ պայքարի մասին կարող է խոսք լինել։ Այսինքն՝ այս օրենքը կարծես համաներում լինի բոլորի համար, որ մինչև էսօր կարելի էր գողանալ, վաղվանից, համենայնդեպս, առաջին մի 15 օրը չի կարելի, դրանից հետո արդեն մի բան կմտածենք։ Սա է նրանց մտածելակերպը, որ ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչի ժողովրդին թալանելը, ստրկացնելը կամ այսպիսի հանցագործությունները վաղեմության ժամկետ ունեն, թե՞ նախկինում ինչ արել եք, մարսել-գնացել եք, հիմա արդեն քիչ բան է մնացել գողանալու։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ բնույթ կրի, թող նայեն Կորեայի օրինակը, Չինաստանի, Սինգապուրի կամ այլ երկրների օրինակները և կտեսնեն, թե իրականում ինչպես են վարվում կոռումպացված չինովնիկների հետ»։