Պարապների ակումբ չեն, փանջունիզմով էլ չեն տառապում. Ինչո՞ւ միացան ՍԴՀԿ-ն և «Հայազնը»

Պարապների ակումբ չեն, փանջունիզմով էլ չեն տառապում. Ինչո՞ւ միացան ՍԴՀԿ-ն և «Հայազնը»

«Հայազն» կուսակցությունն իր արտահերթ 4-րդ համագումարի ժամանակ ինքնալուծարվելու որոշում է ընդունել և առաջիկա մեկ ամսվա ընթացքում կընդգրկվի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը ասաց, որ առաջարկը «Հայազնին» եղել է ՍԴՀԿ-ի կողմից: Իսկ թե ինչն է միավորում երկուսին, Նարեկ Գալստյանը նշեց. «Հայազնի» մեր ընկերներին ճանաչում ենք բավական երկար և գաղափարական առումով շատ մոտ գաղափարախոսություններ կրող քաղաքական կուսակցություններ ենք՝ ազգային, սոցիալական և հիմնական հարցերում: Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման տեսակետից բավական դրական գործընթաց է, որովհետև առաջին անգամ նմանատիպ գործընթաց տեղի է ունենում ոչ թե ընտրություններից առաջ, ոչ թե կարճաժամկետ հարցեր լուծելու համար, այլ «Հայազնը» դառնում է Հնչակյան մեծ ընտանիքի անդամ»: Հարցին՝ արդյոք տարբեր չե՞ն մոտեցումները Հայաստանում փոփոխությունների հասնելու առումով. օրինակ՝ «Հայազնը» նախորդ տարի աջակցում էր «Սասնա ծռերին», իսկ ՍԴՀԿ-ն՝ դատապարտում, Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ ՍԴՀԿ-ն այս հարցում միշտ ունեցել է իր հստակ դիրքորոշումը, և Հայաստանում նմանատիպ ցանկացած գործընթաց վտանգավոր է, սխալ է և ուղղված է ոչ միայն իշխանությունների, այլ ՀՀ-ի դեմ: «Սա շատ հստակ է: Բացի այդ, մեկ տարի առաջ «Հայազնի» տղաների գործողությունները ես չեմ կարծում, որ ուղղված էին ի պաշտպանություն և հաջակցություն այդ գործողությունների, այլ ավելի շատ ուղղված էին այդտեղ գտնվող ժողովրդի անվտանգությունը պաշտպանելուն, բախումներից խուսափելուն: Որքան էլ դու սիրես կամ չսիրես իշխանություններին, զենք գործադրելու իրավունք չունես, և նմանատիպ բաները միայն ու միայն ենթակա են դատապարտման: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Արդոք իշխանափոխության պահանջ դրվելո՞ւ է՝ հարցին էլ արձագանքեց. «Մայիսի մեկին, երբ այս գործընթացների մեկնարկը տվեցինք, մենք ասացինք, որ գնում ենք չարքաշ և սևագործ աշխատանքի՝ ՀՀ քաղաքացիներին մեր ծրագրերը բացատրելու ճանապարհով, մենք գնում ենք քաղաքական հայտ ներկայացնելու ճանապարհով, մենք պետք է աշխատենք, գնդակը մեր դաշտում է, մեր ժողովրդին պետք է բացատրենք այն նպատակները, որոնք ունենք, մնացած բոլոր հարցադրումները ածանցյալ են և կապված են օրվա քաղաքական իրավիճակի հետ: Մենք փանջունիզմով չենք տառապում և չենք պատրաստվում փանջունիզմով առաջնորդվել: Մենք հասկանում ենք այն խնդիրները, որոնց լուծումն իրատեսական է, և հասկանում ենք այն խնդիրները, որոնք իրատեսական չեն այս պահին լուծելու: Այս տարիներին տարբեր քաղաքական կազմակերպություններ իշխանություններից շատ ավելի բեթար զբաղվել են պոպուլիզմով. արդյունքը 2017-ն է»: «Հայազն» կուսակցության վարչության արդեն նախկին անդամ Արմեն Մկրտչյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թե՛ «Հայազնը», թե՛ ՍԴՀԿ-ն ունեն մեկ կարևոր ընդհանրություն՝ գաղափարական միասնական տեսլական: Նրա խոսքով՝ տակտիկական առումով ամեն ինչ մշակվելու է, և ապագայում կունենան միասնական կոնսենսուսային ծրագիր, որով կշարժվեն առաջիկա տարիներին: «Ամենակարևորն այն է, որ խնդիրները հստակ ենք պատկերացնում, լուծումները՝ ևս: Մենք գիտակցում ենք, որ մեզ չարքաշ աշխատանք է սպասվում, սակայն վերջին ընտրությունները ևս փաստեցին, որ գաղափարական այլընտրանքի բացակայությունը բերում է իշխանության վերարտադրման»,- հավելեց Արմեն Մկրտչյանը: Հիշեցրինք, որ մեկ տարի առաջ Խորենացի փողոցում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում էր, որ որևէ մեկը բարոյական իրավունք չունի «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ անվանելու կամ քննադատելու: Հիմա, երբ ՍԴՀԿ-ն առաջին իսկ օրվանից քննադատել է, դատապարտել, չե՞ն լինի պայքարի մեթոդների առումով հակասություններ: Արմեն Մկրտչյանը նշեց, որ կան հարցեր, որոնք քննարկման ու շտկման տեղ ունեն: «Օրինակ՝ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ևս ՍԴՀԿ-ն և մենք տարբեր ճամբարներում ենք եղել, բայց այդ հարցը ևս քննարկել ենք, իրենք հիմնավորել են իրենց կողմ լինելը խորհրդարանական հանրապետության կարգերին: Ուզում եմ ասել, որ այս պրոցեսը ամիսների աշխատանքային քննարկումներով է անցել, և անգամ ամենափոքր հարցը քննարկվել է: Մենք պարապների ակումբ չենք, որ երկրում խնդիր չլինի, ու հաճույքի համար հավաքվենք, քաղաքական դաշտի ձևափոխումների մասին մտածենք և այլն: Մենք մեր պայքարով ապացուցել ենք մեր սկզբունքայնությունրը, ՍԴՀԿ-ն դա արել է իր պատմական հերոսական անցյալով»,- ասաց նա:   Լուսանկարը՝  Panorama.am-ի