Բաքվում համանախագահներին դիմավորում են մեծամասշտաբ զորավարժության ֆոնին

Բաքվում համանախագահներին դիմավորում են մեծամասշտաբ զորավարժության ֆոնին

Այսօր Բաքու են ժամանում Մինսկի խմբի համանախագահները: Միջնորդների այցը թեև պլանային է, բայց անմիջապես հաջորդում է վերջին օրերի ադրբեջանական ռազմական սադրանքին, որին զոհ գնաց չորս հայ զինծառայող: Գլոբալ իմաստով Բաքուն ամեն ինչ արել է համանախագահությանը հասկացնելու համար, որ նրան Ադրբեջանում առանձնապես չեն սպասում: Հունիսի 12-16-ը թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվել Նախիջևանում, այսօր՝ հենց համանախագահության այցի օրը, խոշորամասշտաբ զորավարժություններ են մեկնարկում Ադրբեջանում՝ զինված ուժերի 23000 զինծառայողների ու սպաների մասնակցությամբ: Դրանք, ըստ միջազգային լրատվամիջոցների հաղորդումների, հնարավորինս համապատասխանեցված են լինելու պատերազմական իրավիճակների սցենարին: Այս ֆոնին համանախագահության այցը Բաքու նույնիսկ ֆորմալ, ձևական է դառնում, որովհետև Բաքուն անթաքույց հասկացնում է, որ թքած ունի միջազգային իրավունքի ու ստանձնած պարտավորությունների վրա և իր նպատակներին հասնելու համար պատրաստ է սանձազերծել նոր պատերազմ: Իհարկե, Բաքվի այս վարքագիծը քննադատաբար է ընդունվում միջազգային հանրության կողմից, մյուս կողմից՝ առայժմ լեգիտիմացված չեն նաև Երևանի պահանջները: Սա առնվազն խոսում է ոչ միայն մեր դիվանագիտության ցածր որակի, այլ նաև մեր պետության միջազգային հեղինակության բացակայության մասին: Միջազգային հանրությունը կամ պարիտետ է պահում հակամարտության կողմերի միջև, կամ էլ քաղակակրթական հենքով գոնե անուղղակիորեն աջակցում է այն կողմին, որը ժամանակակից դեմոկրատական մոդելի կրող է: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, բռնապետություն չէ, բայց տիպիկ եվրասիական հետամնաց երկիր է՝ Ռուսաստանից վասալային կախվածությամբ: Ըստ այդմ, միջազգային հանրությունը որակական տարբերություններ չի տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների, նրանց հաստատած համակարգերի միջև: Նվազագույնը, ինչին ձգտում է Բաքուն, միջնորդական այսօրվա ձևաչափի փոփոխությունն է, որն էականորեն անդրադառնալու է նաև կարգավորման բովանդակային բաղադրիչի փոփոխության վրա, առնվազն մեծացնում է նոր պատերազմի ռիսկը: Այստեղ էլ մեղքի շատ մեծ բաժին ունի Հայաստանի դիվանագիտությունը, որը հաճախ տուրք է տվել Մոսկվայի պարտադրանքին և կարգավորման գործընթացին մասնակցել է ընդունված միջազգային ձևաչափից դուրս` ռուս-ադրբեջանա-հայկական ֆորմատով: Ալիևի ռազմատենչությունը սնվում է նաև մեր պետության թուլության, դիվանագիության անորակության աղբյուրից: Մենք պետք է սովորենք մեղքը մեր մեջ փնտրել: Դրա համար խիզախություն և փոփոխություններ անելու քաղաքական կամք է պետք: Առանց դրա հաղթանակ չի լինելու: