Էրդողանը թերթերին արգելել է գրել «Արդարության երթ»-ի մասին. թուրք պատգամավոր

Էրդողանը թերթերին արգելել է գրել «Արդարության երթ»-ի մասին. թուրք պատգամավոր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել է երկրի խոշորագույն լրատվամիջոցներին լուսաբանել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «Արդարության երթ»-ը: Այս մասին հայտնում է թուրքական Dıken-ը՝ վկայակոչելով ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Այքութ Էրդողդուին: Նա թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ Էրդողանը կարգադրել է բոլոր թերթերի ղեկավարներին ու մասնավորապես Թուրքիայում խոշորագույն՝ «Այդըն» հոլդինգին «չգրել «արդարության երթի» մասին»: «Նա «Արդարության երթ»-ի մասին գրելն ահաբեկչություն է համարում, քանի որ վախենում է: Անատոլիայի ճանապարհներից բարձրացող արդարության ճիչը ցնցում է նախագահական պալատը»,- նշել է Էրդողդուն: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը ելույթ էր ունեցել, որում «Արդարության երթ»-ի բոլոր մասնակիցներին հավասարեցրել էր հեղաշրջման փորձը նախաձեռնողների հետ: