Ֆրանսիայի մեծ վերափոխումն ու նոր հանրապետության ծնունդը

Ֆրանսիայի մեծ վերափոխումն ու նոր հանրապետության ծնունդը

Ընդամենը մեկ տարի առաջ Էմանուել Մակրոնը ձևավորեց «Առաջ Ֆրանսիա» կուսակցությունը, որը համոզիչ հաղթանակ տարավ Ֆրանսիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Արդեն ամփոփվել են երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները. Մակրոնի կուսակցությունը դաշնակից «Դեմոկրատական շարժման» (MoDem-ի) հետ միասին ստացել է Ազգային ժողովի 577 մանդատներից 350-ը: Ֆրանսիայի հանրապետականները լինելու են նոր խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ 113 անդամով: Կատարյալ ֆիասկո է ապրել վերջին հինգ տարիների Ֆրանսիայի կառավարող Սոցիալիստական կուսակցությունը, որը նոր խորհրդարանում կունենա ընդամենը 29 տեղ: Առաջին անգամ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել ազգայնական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ Մակրոնի հիմնական հակառակորդը նախագահական վերջին ընտրություններում: Նրա ևս ութ կուսակիցներ ստացել են մանդատներ: Ուշագրավ է, որ Մակրոնի կուսակցության նորընտիր պատգամավորների կեսը լրիվ նոր մարդիկ են քաղաքականության մեջ, ովքեր ընտրվել են օնլայն տարբերակով: Նրանց մեծ մասին Ֆրանսիայի նորընտիր նախագահը նույնիսկ անձամբ չի ճանաչում: Մակրոնը վստահության ամուր մանդատ ստացավ՝ իր նախընտրական հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար: Ոգևորիչն այն է, որ դրանք ուղղված են միասնական Եվրոպայի ամրապնդմանն ու բարեփոխումներին: Փոխվեց Հինգերորդ հանրապետության դեմքը, շատերը նույնիսկ խոսում են նոր Հանրապետության ծննդյան մասին: 1958թ.-ից Ֆրանսիայի քաղաքական համակարգի երկու առանցքային կուսակցությունները՝ հանրապետականներն ու սոցիալիստները, ոչ միայն զրկվեցին իշխանությունից, այլև, ըստ էության, դեկորատիվ դեր ունեն նոր խորհրդարանում: Փորձագետների մի մասը կարծիք է հայտնում, որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն ունեն Ֆրանսիայի քաղաքական և ընտրական համակարգերը, որոնք նախատեսված էին երկկուսակցական մոդելի համար: Լսվում են նաև մտահոգության ձայներ. Ֆրանսիայի պահպանողականները Մակրոնին համեմատում են Նապոլեոնի հետ՝ խոսելով երկրի իշխանության մոնոպոլացման մասին, ու կանխատեսում են դեմոկրատիայից նահանջ: Չնայած Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության պատմության մեջ եղել է երեք դեպք, երբ նորընտիր նախագահների կուսակցությունները նույնիսկ սահմանադրական մեծամասնություն են ստացել նոր խորհրդարանում: