Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկում

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկում

Ադրբեջանի զինված ուժերն այսօր լայնածավալ զորավարժություններ են սկսում, որոնց կմասնակցի 23 հազար զինծառայող։ Պայմանները մոտ կլինեն մարտականին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։ Հայտարարությունում նշվում է, որ «համաձայն նախագահ Իլհամ Ալիևի հաստատած պլանի՝ սկսած հունիսի 19-ից կանցկացվեն լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ զորքերի մարտական պատրաստության, ուժերի և միջոցների կառավարման կազմակերպման, մարտականին մոտ պայմաններում նրանց փոխգործակցության ստուգման նպատակով»։ Զորավարժություններում կներգրավվի 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 180 հրթիռա-հրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 30 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում անցկացրել էին ռազմա-մարտավարական զորավարժություններ, որոնք ավարտվել են հունիսի 16-ին։