Իրաքյան Քրդստանի անկախության հռչակումը կարող է փոխել իրավիճակը տարածաշրջանում․ Հայացք Երևանից

Իրաքյան Քրդստանի անկախության հռչակումը կարող է փոխել իրավիճակը տարածաշրջանում․ Հայացք Երևանից

Թեև Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը՝ նախագահ Մասուդ Բարզանիի գլխավորությամբ, արդեն իսկ որոշում է կայացրել Քրդստան պետության անկախության հռչակման գործընթաց սկսելու մասին՝ որպես անկախության հանրաքվեի օր նշանակելով 2017 թ. սեպտեմբերի 25-ը, այնուամենայնիվ շատ փորձագետներ բավական մշուշոտ են համարում Իրաքի հյուսիսային շրջաններում անկախ քրդական պետության կազմավորման հեռանկարը՝ մատնանշելով հարևան պետությունների խիստ բացասական վերաբերմունքը այդ գործընթացին, ինչպես նաև տարածքային ու մի շարք այլ խնդիրներ: Դեմ են Թուրքիան և Իրանը Թուրքագետ Լևոն Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման մասին՝ ասելով, թե միանգամայն սպասելի էր, որ Թուրքիան բացասաբար կարձագանքի Իրաքի քրդերի նման որոշմանը: Անկախության գործընթացն Իրաքյան Քրդստանում ամենևին չի բխում Թուրքիայի շահերից, մի պետության, որտեղ տարբեր տվյալներով ապրում է 15-20 միլիոն քուրդ և որի արևելյան շրջանները գերակշիռ մեծամասնությամբ բնակեցված են քրդերով: «Սա կարող է նոր գլխացավանք, լուրջ խնդիրներ առաջացնել Անկարայի համար: Այս իմաստով ակնհայտ է, որ Անկարան դիտում է սա՝ նաև որպես անվտանգության խնդիր, որպես իր տարածքում քրդական գործոնի անկառավարելիության նոր խթան, ինչը էլ ավելի կբարդացնի իրավիճակը»,- ասում է փորձագետը: Թուրքիայի մոտեցումներն Իրաքյան Քրդստանի խնդրին, իր խոսքով, կարելի է բաժանել երկու փուլի: Նախկինում քրդական քաղաքական ուժերի ներկայությունը և ընդհանրապես քրդական գործոնը Իրաքի հյուսիսում դիտվում էր Անկարայի կողմից՝ առավելապես որպես ազգային անվտանգության սպառնալիք: Հետսադամյան շրջանում ձևավորվող իրողություններով պայմանավորված և հատկապես «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության տարիներին Թուրքիայի քաղաքականությունը և մոտեցումը փոխվեց: Թուրքիան սկսեց դիտել քրդական ինքնավարությունը Իրաքում՝ որպես գործընկեր, հարաբերությունները սերտացան տարբեր առումներով: Դա նաև Թուրքիան սկսեց դիտարկել որպես հնարավորություն՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումներով: «Թուրքիայի հաշվարկներն այստեղ բավական պարզ էին: Թուրքիան, որպես տարածաշրջանային տերություն, փորձում էր տնտեսական, քաղաքական ազդեցության միջոցով լուրջ դերակատարություն ստանձնել հյուսիսային Իրաքում, և դրանով այն կառավարելի ու վերահսկելի դարձնել իր համար: Այսինքն՝ նաև ինքնավարությունը գցել կախվածության մեջ Թուրքիայից: Իսկ հիմա անկախության գործընթացն արդեն լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, ուստի Անկարան կրկին սկսում է դիտարկել դա անվտանգության սպառնալիքի տեսանկյունից»: Մասնագետը չի բացառում, որ հանրաքվեի ամսաթիվը կարող է փոխվել կամ հետաձգվել, քանի որ Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետության հռչակումը տարածաշրջանում առաջացնելու է լուրջ տեղաշարժեր և հակամարտային նոր իրավիճակ: Ի դեպ, սա նորություն չէ և մի քանի անգամ նման նախաձեռնությամբ հանդես են եկել, դրանք քաղաքական հաշվարկներով արված քայլեր էին: «Ակնհայտ է, որ անկախության հանրաքվեն բախման է տանելու թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի և թե՛ նաև Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ, և ստեղծվում է հակամարտային լրացուցիչ իրավիճակ: Մյուս կողմից Բարզանին փորձում է առարկայացնել վերջին տարիներին ունեցած քաղաքական ու ռազմական ձեռքբերումները՝ հատկապես Իրաքի դաշնային մոդելի թուլացման ներկայիս գործընթացների համատեքստում: Այլ բան է դաշնային պետության կազմում ինքնավարությունը, ամբողջովին այլ՝ դե-յուրե անկախ պետականությունը: Այստեղ ի հայտ են գալիս տարածաշրջանի մակարդակով նոր վերադասավորումներ, նոր գործընթացներ»: Ցեղային, բայց ոչ ազգային Թուրքիան դեռևս ռազմական ներկայություն ունի Իրաքի հյուսիսում 1980-ական թթ. վերջից, երբ թուրքական բանակը կռվում էր Աբդուլլահ Օջալանի գլխավորած Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված ջոկատների դեմ: 1990-ականներին Թուրքիան մշտական ռազմական կոնտինգենտ տեղակայեց հյուսիսային Իրաքում, ինչը պայմանավորված էր ներքրդական հակամարտության մեջ Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի խաղաղարար առաքելությամբ: Հիմնական խնդիրը Իրաքյան Քրդստանի երկու առաջատար կուսակցությունների միջև էր՝ Քրդստանի հայրենասերների միության և Քրդստանի դեմոկրատական կուսակցության միջև: Վերջինիս ղեկավարը մինչ օրս Մասուդ Բարզանին է՝ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահը: Ընդհանրապես միջցեղային տարաձայնությունները, իսկ շատ դեպքերում՝ թշնամական հարաբերություններն ու հակամարտությունները քրդական հարցի կարևոր առանձնահատկություններից ու իրողություններից են: Քրդերը չունեն մեկ միասնական, ընդհանուր օրակարգ կամ տեսլական՝ ազգային-ազատագրական շարժման կամ անկախ պետականության կազմավորման մասին: Սա նշանակում է, որ PKK-ն, Բարզանիի կուսակցությունը, Սիրիայի կամ Իրանի քրդերը կարող են միանգամայն հակադիր հայացքներ ունենալ քրդական խնդրի և տեսլականի մասին: Իրողությունները Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի կամ Իրանի քրդերի շրջանում խիստ տարբեր են: Իսկ սա հնարավորություն է տալիս տարածաշրջանային և գլոբալ խաղացողներին այսպես ասած կառավարել քրդական գործոնը: Ընդհանրական քրդական գործոնի մասին խոսելիս պետք է հաշվի առնել բաժանարար գծերն ու իհարկե՝ մասնատվածությունը: «Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք այս իրավիճակում: Որքան էլ խոսենք քրդական գործոնի մասին, չպետք է մոռանանք քրդական հանրույթի էական մասնատվածությունը տարածաշրջանում: Չեմ բացառում, որ անկախության այս հանրաքվեն և ներքրդական հակադիր շահերը կհանգեցնեն նոր կոնֆլիկտի: Չի բացառվում հակամարտությունը Քրդստանի դեմոկրատական կուսակցության, Հայրենասերների միության և մյուս ուժերի միջև: Քրդական ուժերի միջև առաջնորդության խնդիրը միշտ զգացնել է տալիս, և հիմա այն կարող է կրկին սրվել: Իսկ այս համատեքստում տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերը նաև դրանց հրահրման ռեսուրսներ ունեն»: Ներքրդական հակասությունների վառ վկայությունը, օրինակ, Բարզանիի կուսակցության և Քրդստանի աշխատավորական կուսակցության հակամարտային հարաբերություններն են: Բարզանին, որը սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ, հնարավորություն է տալիս թուրքական կողմին ռազմական գործողություններ իրականացնել PKK-ի դեմ Իրաքի հյուսիսում: «Թուրքիան ակտիվ քայլեր իրականացրեց՝ փորձելով Բարզանիի հեղինակությունը բարձրացնելու միջոցով նվազեցնել PKK-ի ազդեցությունը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում: Թուրքիան փորձում էր փոխարինել Օջալանին Բարզանիով՝ որպես ավելի վերահսկելի և Թուրքիայի համար ավելի ընկալելի կերպար, քրդական առաջնորդ, բայց տեսնում ենք, որ սա էլ մեծ հաշվով չաշխատեց: Բարզանին մի քանի այցեր իրականացրեց, եղավ Դիարբեքիրում, ելույթ ունեցավ, բայց Թուրքիայում մեծ է PKK-ի և Օջալանի ազդեցությունը, և այս առումով մոտեցումները նաև հակադիր են: Սրանք այն տարանջատող գործոններն են, որոնք դեռևս թույլ չեն տալիս քրդերին հանդես գալ միասնական, ընդհանուր քաղաքական հայեցակարգով և առաջնորդությամբ»,- նշեց Լևոն Հովսեփյանը: Քիրկուկի խնդիրը Անկախության հանրաքվեն ենթադրում է հռչակվող պետության որոշակի սահմանների հստակ ուրվագծում, թե կոնկրետ ի՞նչ սահմաններում պիտի անցկացվի անկախության հանրաքվեն և ո՞ր տարածքներն են լինելու հռչակվող պետության կազմում: Իրաքի քրդերը վերջին տարիներին կարողացել են վերահսկողություն տարածել Իրաքի հյուսիսի կարևորագույն քաղաքներից մեկի՝ Քիրկուկի նկատմամբ, որը վիճելի տարածք է՝ իր հարակից մի քանի շրջանների հետ միասին: Քիրկուկը պարբերաբար դառնում է լուրջ հակասության առիթ Էրբիլի և Բաղդադի միջև՝ երբեմն առաջացնելով նույնիսկ զինված բախման հնարավորություններ, ինչպես, օրինակ, 2009, 2012 թվականներին: Թուրքիան ևս դեմ է, որպեսզի Քիրկուկը ներառվի Քրդստանի կազմի մեջ: Անկարան մի քանի անգամ նախազգուշացրել է Բարզանիին՝ ամենաբարձր մակարդակով հակադարձելով Քրդստանի դրոշի բարձրացմանը Քիրկուկի քաղաքապետարանի շենքի վրա: «Վերջին տարիներին ստեղծված իրադրության պայմաններում Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը կարողացավ իր համար շահեկան ռազմաքաղաքական հնարավորություններ ապահովել, ինչպես, օրինակ, Քիրկուկի նկատմամբ փաստացի ռազմական վերահսկողությունը: Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը փորձում է ներառել Քիրկուկը այն շրջանների մեջ, որտեղ կարող է իրականացվել անկախության հանրաքվե: Սա ոչ միայն կհանգեցնի լուրջ բախման Բաղդադի հետ, այլև սրա հետ կապված վերապահումներ ու անհանգստություններ ունեն Թուրքիան և Իրանը: Այսինքն՝ կան մի շարք խնդիրներ, որոնք բավական մշուշոտ են դարձնում հանրաքվեի և դրա արդյունքում անկախության հեռանկարը, և չի բացառվում, որ սա մի նոր հակամարտություն առաջացնի: Մյուս կողմից էլ լուրջ հարց է քրդական անկախ պետության՝ մեկուսացման պայմաններում կենսունակությունը, ինչը չեն կարող հաշվի չառնել Էրբիլում»: Կանաչ լույս՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Թուրքագետ Լևոն Հովսեփյանը համոզված է, որ Բարզանին չէր կարող նման իրավիճակում ինքնուրույն որոշում կայացնել անկախություն հռչակելու մասին, եթե չունենար արտաքին ազդեցիկ ուժերի հավանությունը: Ըստ նրա, «կանաչ լույսը» քրդերի համար վառել են Միացյալ Նահանգները և նաև Իսրայելը: «Կարծում եմ, որ սա ամենայն հավանականությամբ ամերիկյան նախնական քայլ է, որը նաև համահունչ է Իսրայելի մոտեցումներին ու ռազմավարությանը: ԱՄՆ-ի դիրքորոշումը բավական երկիմաստ էր և ավելին՝ կարող ենք ասել հանդուրժող: Այս գործընթացով շահագրգռված է նաև իսրայելական կողմը՝ հաշվի առնելով այն, որ Իսրայելը լուրջ ներկայություն և շահեր ունի տարածաշրջանում՝ մասնավորապես իրաքյան Քրդստանի հետ, և երկար տարիներ Իսրայելը դիտարկել է իրաքյան Քրդստանը՝ որպես արաբական աշխարհում իր կարևորագույն աշխարհաքաղաքական հանգրվանը, որը կարող է դաշնակից լինել և նպաստել իսրայելական շահերին»: Քրդերը և Հայաստանը ՀՀ կառավարությունը ամիսներ առաջ որոշում է կայացրել Իրաքյան Քրդստանի կենտրոնում՝ Էրբիլ քաղաքում, գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին: Այս իմաստով որոշ քայլեր վերջին շրջանում իրականացվել են Հայաստանի կողմից՝ հատկապես տնտեսական համագործակցությունը քրդերի հետ զարգացնելու ուղղությամբ: Հարցի առնչությամբ Լևոն Հովսեփյանը նշեց հետևյալը. «Կարևոր քայլերից մեկը Էրբիլում հյուպատոսության հիմնումն է, մյուս կարևոր բաղադրիչը տնտեսական հարաբերություններն են: Որոշ քայլեր իրականացվել են Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ տնտեսական ոլորտում համագործակցելու և առևտրային կապերը զարգացնելոււ նպատակով, բայց չեմ կարող ասել, թե հարաբերությունները կամ շփումները քաղաքական առումով հագեցած են: Սրանք դեռևս նախնական քայլեր են, որոնք ընդհանուր առմամբ դիտարկվում են տարածաշրջանային շահերի և տարածաշրջանային քաղաքական գործընթացների տեսանկյունից: Իհարկե, հարցը պիտի ավելի ընդհանրական դիտանկյունից գնահատվի, որովհետև գործ ունենք նաև տարածաշրջանային տերությունների հետ հարաբերությունների և տարածաշրջանում ընթացող վերադասավորումների հետ»: