Իրանի հետ հնարքը Կատարի շուրջ ճգնաժամում. Haber7

Իրանի հետ հնարքը Կատարի շուրջ ճգնաժամում. Haber7

Եթե կատարյան ճգնաժամի թիրախն Իրանը լիներ, պատժամիջոցներ կսահմանվեին ոչ թե Կատարի, այլ ԱՄԷ-ի դեմ, քանի որ հենց ԱՄԷ-ն է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ, որն ունի Իրանի հետ ամենազարգացած առևտրային և քաղաքական հարաբերությունները: Նրանց միջև ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան 20 մլրդ դոլար: Այս մասին գրում է Haber7-ը: Եթե թիրախն Իրանը լիներ, այդ ճգնաժամի ժամանակ սև ցուցակում ՀԱՄԱՍ-ից բացի՝ կներառվեր նաև «Իսլամական ջիհադ» շարժումը: Ինչու մինչ ՀԱՄԱՍ-ը ներառվում է այդ ցուցակում, Գազայում դիամադրության մեկ այլ խոշոր շարժում առանց ուշադրության են թողնում: Այս երկու կազմակերպությունների գլխավոր տարբերությունն այն է, որ «Իսլամական ջիհադն» Իրանի վերահսկողության տակ է, իսկ ՀԱՄԱՍ-ին Թեհրանից չեն ղեկավարում: Եթե թիրախն Իրանը լիներ, Յուսուֆ ալ-Քարդավին (ժամանակակից ամենահեղինակավոր սուննի աստվածաբաններից մեկը, ով համարվում է «Մուսուլման եղբայրների» ոչ պաշտոնական առաջնորդը), ով «Հզբոլլահն» անվանում է «Սատանայի կուսակցություն», չէր բախվի այդպիսի ճնշման: Ինչպե՞ս ստացվեց, որ Սալման թագավորը Մուսուլման գիտնականների միջազգային միության ղեկավար ալ-Քարդավիին, ում մեկ տարի առաջ Էր-Ռիյադ էր հրավիրում, ահաբեկիչ հայտարարեց: Եմենում, այսինքն՝ հենց Սաուդյան Արաբիայի քթի տակ, Իրանն աջակցում է հութիներին: Լավ, բայց ո՞ւմ ողորմածությամբ է Իրանը Եմենում: Պատասխանը՝ ԱՄԷ: Եմենի հարցում Էր-Ռիյադի ղեկավարությունը Կատարին է մեղադրում, բայց ուժը, որը Եմենում համագործակցել է Իրանի հետ, իրականում ԱՄԷ-ն էր: Մինչև Աբդալլա թագավորի մահը Եմենում իշխանության գլուխ էր «Իսլահ» կուսակցությունը, որը գալիս է եմենյան «Մուսուլման եղբայրներից»: Սաուդցիներին խուճապային վախ էր ներշնչվում. ««Մուսուլման եղբայրներն» արդեն ձեր քթի տակ է, միջամտեք, այլապես նրանք ձեզ կոչնչացնեն»: Այդ վախի ազդեցության տակ Սաուդյան Արաբիան Եմենում «Իսլահ» կուսակցությանը տապալելու համար աչք փակեց Իրանի վրա: Աբդալլա թագավորի մահից հետո իշխանության գլուխ եկած Սալման թագավորը տեսավ Իրանի վտանգը: Նա որոշ քայլեր արեց ՀԱՄԱՍ-ին, «Մուսուլման եղբայրներին» ընդառաջ, հեռացավ աս-Սիսիից: Թուրքիայի հետ հարաբերությունները ամենաբարձր մակարդակի հասցվեցին: Բայց գահի համար պայքարը երկու ժառանգորդների միջև և Թրամփի խոստումները կատարյան ճգնաժամը հասցրին ներկայիս փուլին: Ակնհայտ է դառնում, որ թեև արհեստական և դատարկ հիմքերով սկսված կատարյան ճգնաժամում Սաուդյան Արաբիան հանդես է գալիս որպես գլխավոր խաղացող, իրականում դա այդպես չէ: Նա որպես Պարսից ծոցի ամենամեծ պետություն նստեցվել էր ղեկին այդ ճգնաժամում, այնուամենայնիվ, ուրիշներն են ճգնաժամն ուղղորդում: Ո՞ւմ է ձեռնտու այդ ճգնաժամը: Իսրայելի համար դա, կարելի է ասել, հազվագյուտ օգուտ է: Այդ ճգնաժամը շատ առավելություններ է տալիս նաև ԱՄՆ-ին, բրիտանաիցիներին և եվրոպացիներին: Նրանք ցանկացած պահի կարող են ավելի շատ զենք վաճառել, նավթ գնել: Իսկ Իրանը, որին ներկայացնում են իբր որպես թիրախ, պարտված կողմ չէ այդ հավասարման մեջ: Այն առաջնային թիրախի դիրքում չէ: Նրանք, ովքեր գրել են ճգնաժամի սցենարը, հավանաբար դրա մեջ դրել են միտք, որ մի անգամ զենքը կուղղվի Իրանի դեմ, բայց մինչ Պարսից ծոցի երկրները թուլանում են այդ գործընթացում, Իրանը պահպանում է ուժերը: Առաջնային թիրախն Իրանը չէ: Թիրախն են՝ «Մուսուլման եղբայրները», ՀԱՄԱՍ-ը և նրանց աջակցող երկրները: «Մուսուլման եղբայրները» լավ հարաբերություններ ուներ Իրանի հետ, բայց երբ էլ «Մուսուլման եղբայրները» փորձեր հարաբերություններ կառուցել Իրանի հետ, միշտ տուժած կողմ է դարձել: Բավական է հիշել Մուրսիի այցը Թեհրան: