Արոնյանը ոչնչացրեց աշխարհի չեմպիոններին և…

Արոնյանը ոչնչացրեց աշխարհի չեմպիոններին և…

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարում, կարելի է ասել, ֆանտաստիկ շախմատ է ցուցադրում Լևոն Արոնյանը: Մեր գրոսմայստերը 6 պարտիաներից 2-ում հաղթել է և չորս անգամ կիսել միավորը: Ըստ մասնագետների՝ այս մրցաշարում, որին մասնակցում է ողջ շախմատային էլիտան, հաղթողի կոչման պայքարում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավոր մրցակիցներն էին ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը և աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը: Արդեն երկրորդ տուրում Կրամնիկը, պարտության մատնելով Վիշվանաթան Անանդին, ստիպեց խոսել այն մասին, որ լավ մարզավիճակում է և իսկապես պատրաստ է ձեռնոց նետել նորվեգացի չեմպիոնին: Արոնյանը կրկին անգամ ապացուցեց, որ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկն է և սուպերմրցաշարերում հաղթողի կոչման իրական հավակնորդներից: Մասնագետների կողմից ֆավորիտներ համարվող գրոսմայստերները այսօր դժգույն և թույլ պարտիաներ են անցկացնում: Նշենք, որ վերջին շրջանում բավական հաջող են հանդես գալիս ամերիկացի շախմատիստները: Այս մրցաշարին մասնակցում են ամերիկացի միանգամից երեք գրոսմայստերներ: Ինչևէ, 4-րդ տուրում Արոնյանը գեղեցիկ ոճով պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոնին, իսկ 6-րդ տուրում էլ ցուցադրելով դասագրքային պարտիա՝ առավելության հասավ աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկի նկատմամբ: Մրցաշարը լուսաբանող ԶԼՄ-ները Կարլսենի նկատմամբ տարած Արոնյանի պարտիան որակել են ջախջախիչ, իսկ Կրամնիկի հետ պարտիան մեկնաբանել էին այս կերպ. «Արոնյանը ուղղակի շանս չտվեց Կրամնիկին»: Վերջինը Արոնյանի հետ պարտիայի սկզբնախաղը բավական հաջող սկսեց, և թվում էր, թե կզարգացնի հաջողությունը: Սակայն Արոնյանը ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ մրցակիցը ուղղակի խուճապի մատնվի և Թագուհիով սխալ քայլեր կատարի: 13-րդ քայլում Արոնյանը խաղաց Նավակ C1: Այս քայլը շատերը համարում են բացառիկ: Մասնավորապես, հայաստանցի գրոսմայստերի քողարկված քայլերից հետո արդեն 19-րդ քայլում պարզ դարձավ, որ Կրամնիկը Թագուհին տեղաշարժելու հնարավորություն գրեթե չունի: Պարտիայի ավարտից հետո Արոնյանը խոստովանել է, որ հենց արդեն սկզբնախաղում նպատակ է ունեցել չեզոքացնել Կրամնիկի Թագուհուն: «Ես աչքաթող էի արել Թագուհուն և հանկարծ նկատեցի, որ մրցակիցս ուղղակի բռնել է կարևորագույն ֆիգուրը: Այսօր ես խաղի մեջ չէի: Ցանկացածի մոտ էլ պատահում են նման ձախողումներ»,- Արոնյանի հետ մրցավեճից հետ հայտարարել է Կրամնիկը: Ռուս լրագրողներից մեկը կարծիք է հայտնել, որ 16-րդ քայլում աշխարհի նախկին չեմպիոնի հայելային պատասխանը վճռորոշ նշանակություն է ունեցել: Ավելի ստույգ այս քայլից հետո է Արոնյանը տակտիկական լուրջ առավելություն ստացել: Այս դիտարկմանը համաձայն չլինելով՝ Արոնյանը բավական կոշտ պատասխան է տվել. «Հարցն ամենևին տեղին չէր: Ես չեմ հասկանում՝ խնդիրնե՞ր եք փնտում: Խնդրում եմ, սադրիչ հարցել չտալ, և մի փորձեք հունից հանել ինձ»: Այս պահին Արոնյանը ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ 4 միավորով կիսում է առաջին հորիզոնականը: Նշենք, որ լրացուցիչ ցուցանիշներով Նակամուրան այս պահին առավելություն ունի և համարվում է առաջատար: Մագնուս Կարլսենը 6-րդ տուրից հետո վաստակել է ընդամենը 2.5 միավոր, ինչը չափազանց ցածր արդյունք է աշխարհի չեմպիոնի համար: Նորվեգացի գրոսմայստերը գործնականում կորցրել է սուպերմրցաշարի հաղթողի կոչման համար պայքարելու հնարավորությունը: Վաղը կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սև ֆիգուրներով մրցելու է Կարյակինի հետ: Այս պարտիան հնարավոր է՝ բեկումնային լինի մրցանակային տեղերի համար պայքարում: Մասնավորապես, հաղթանակ տանելու դեպքում Լևոն Արոնյանը լուրջ հայտ կներկայացնի հաղթողի կոչումը նվաճելու: 8-րդ տուրում հայաստանցի գրոսմայստերը խաղալու է Վիշվանաթան Անանդի, իսկ վերջին 9-րդ տուրում՝ Ուեսլի Սոյի հետ: 7-րդ տուրում Նակամուրան մրցելու է Անանդի հետ: Ինչ վերաբերում է Սերգեյ Կարյակինին, ապա նա այս պահին 3 միավորով Կրամնիկի, հոլանդացի Անիշ Գիրիի և ամերիկացի Ուեսլի Սոյի հետ կիսում է 3-6-րդ հորիզոնականները: