Միջադեպ՝ Մոնտենեգրոյում. Ոստիկանները հայ երկրպագուներին թույլ չեն տվել հավաքականի շապիկներով զբոսնել. ՖԱՖ հիմնադիր անդամ

Միջադեպ՝ Մոնտենեգրոյում. Ոստիկանները հայ երկրպագուներին թույլ չեն տվել հավաքականի շապիկներով զբոսնել. ՖԱՖ հիմնադիր անդամ

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպմանը մեր հավաքականին աջակցելու են մեկնել երկրպագուների «Առաջին հայկական ճակատի», ՖԱՖ շարժման ներկայացուցիչները: Կարևորագույն հանդիպումից առաջ մրցավայրում տիրող վիճակի և առաջիկա հանդիպման մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ: - Ինչպիսի՞ն է իրավիճակը Պոդգորիցայում Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումից ժամեր առաջ: - Այս պահին գտնվում ենք Պոդգորիցայից 50 կմ հեռավորության վրա: Այստեղ ամեն ինչ համեմատաբար հանգիստ է: Մի քանի ժամից կմեկնենք մայրաքաղաք տոմս ձեռք բերելու և մոբիլիզացվելու նպատակով: Նշեմ, որ երեկ խնդիր եղավ տեղի ոստիկանների հետ: Նրանք թույլ չտվեցին առանձին խմբերով և Հայաստանի հավաքականի շապիկներով քայլել՝ պնդելով, որ անվտանգության հետ կապված խնդիր են լուծում: Հուսով եմ՝ այսօր տհաճ միջադեպեր չեն լինի, քանզի տարբեր երկրներից խմբերով հայ երկրպագուներ են ժամանելու: - Ինչո՞վ կբացատրեք տեղի ոստիկանների նման վերաբերմունքը հայ երկրպագուների նկատմամբ: - Կարծում եմ՝ նման վերաբերմունքը նորմալ է: Նրանք ավելի լավ գիտեն իրենց երկրպագուներին: Անվտանգության նկատառումներով նրանք անընդհատ մեզ հետ են: Երեկ ուղեկցեցին քաղաքից քաղաք, և այսօր էլ հայ երկրպագուները կլինեն ոստիկանների ուժեղ հսկողության ներքո: - Որքա՞ն հայ երկրպագու ներկա կլինի «Գրադսկի» մարզադաշում: - Իմ հաշվարկով՝ մարզադաշտում ներկա կլինեն 100-150 հայ երկրպագուներ, ինչը նորմալ թիվ է: Ակտիվ երկրպագող զանգվածը կկազմի 50-70 մարդ: Ամեն դեպքում հուսով եմ, որ մեր ձայնը լսելի կլինի: Մարզադաշտ ենք գնալու մեր պաստառներով և թմբուկներով: - Բալկանյան երկրների երկրպագուները հայտնի են իրենց ագրեսիվ պահվածքով: Ինչպե՞ս են նրանք տրամադրված Հայաստանի հետ խաղին: - Շատ բան չեմ կարող ասել նրանց տրամադրվածության մասին: Նրանց հետո որևէ առնչություն դեռ չենք ունեցել: Գիտեմ, որ գլխավոր ֆան-ակումբն է «Վարվարին», որը աջակցում է Մոնտենեգրոյի գլխավոր թիմին և ազգային հավաքականին: Այս ակումբն ունի մի քանի տասնյակ տարվա պատմություն: Նրանք նույն սերբերն են, մի քանի տարի է, ինչ անջատվել են Սերբիայից: Հուսով եմ, որ նրանց հետ անախորժություններ չեն լինի: - Ձեր կանխատեսումը Մոնտենեգրո-Հայաստան հանդիպման վերաբերյալ: - Շատ հազվադեպ երևույթ է: Մեր խմբի բոլոր անդամների մոտ այնպիսի տրամադրություն է, որ անպայման հաղթելու ենք: Վերջին տարիներին հավաքականի հետ արտերկիր ենք մեկնել և ուրախացել նույնիսկ ոչ-ոքիի համար: Հիմա իրավիճակը փոխվել է, բոլորս հաղթանակ ենք ակնկալում, և կարծում եմ՝ այն իրատեսական է: - Ըստ Ձեզ՝ ի՞նչ հաշվով կավարտվի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը: - Հաշիվ կանխատեսել չեմ սիրում, քանզի գուշակություններս չեն իրականանում: Ցանկացած հաշվով հաղթանակը մեզ կբավարարի՝ լինի դա 1:0, թե 5:0: Իրականում խմբում տեղը բարելավելու համար անհրաժեշտ է շատ գոլեր խփել: Սակայն խաղն այնպիսի մեծ նշանակություն ունի, որ ցանկացած հաղթանակ գոհացնող կլինի: