Կրթական համակարգը նահանջ ունի, լավագույն գաղափարը Հայաստանում այլասերվում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը: - Պարոն Խաչատրյան, օրերս Սերժ Սարգսյանը մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին նվիրված միջոցառմանը: Տրվել է Արարատյան բակալավրիատ ծրագրի մեկնարկը: Սերժ Սարգսյանը նշել է, որ սա լավագույն պատասխանն է հոռետեսներին, որ ասում էին՝ ՀՀ կրթական համակարգը փլուզվել է: Արդյո՞ք այս ծրագիրն այդքան խոստումնալից է: - Նախ ուզում եմ անդրադառնալ «հոռետես» արտահայտությանը: Ցավոք սրտի, մեզանում կա այդպիսի կարծրատիպ, որ հոռետեսները վատ մարդիկ են, բայց ես առայժմ չեմ տեսել, որ լավատեսները պատասխան տան իրենց լավատեսության համար, որովհետև վերջին 25 տարիներին մենք անընդհատ լսել ենք, որ, ահա, շուտով լավ է լինելու, բայց այդպես էլ չի եղել: Եվ ես շատ կուզենայի, որ այն մարդիկ, ովքեր 20 տարի առաջ լավատեսական բաներ էին ասում, այսօր պատասխան տան, թե ինչու լավ չի վիճակը: Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, որ կրթական համակարգը փլուզվել է, ես կարծում եմ, որ դա թույլ փաստարկ է, և մենք պետք է փորձենք պատասխանել ոչ թե թույլ, այլ ուժեղ փաստարկներին: Ես էլ եմ համաձայն, որ Հայաստանի կրթական համակարգը չի փլուզվել, եթե հասկանանք բառը ուղղակի իմաստով: Իհարկե այսօր դպրոցներ, համալսարաններ կան, դասեր են տեղի ունենում, երեխաները մեդալներ են նվաճում, հայտնի համալսարաններ են ընդունվում: Եվ եթե այս տեսակետից ենք նայում, իհարկե, չի փլուզվել, և չեմ կարծում, որ կա քիչ թե շատ նորմալ երկիր, որտեղ կրթական փլուզված համակարգ է: Խնդիրն այն է, որ կրթական համակարգը նահանջ ունի, այսինքն՝ որակյալ ծառայություններ չեն մատուցվում, երեխաների սովորելու ցանկությունը նվազել է, լավ կրթությունը ոչ բոլորին է մատչելի: Եթե մեր կրթական համակարգը լավ վիճակում է՝ ինչո՞ւ են բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց երեխաներին հանում սովորական դպրոցներից կամ ընդհանրապես չեն ուղարկում սովորական դպրոցներ, այլ ուղարկում են հայտնի դպրոցներ: Եվ ես շատ կուզենայի, որ ՀՀ պաշտոնյաների ղեկավարած համակարգում իրենց երեխաները լինեին, որովհետև, երբ դու ղեկավարում ես մի համակարգ, բայց քո երեխան մասնավոր համակարգում է, նշանակում է, դու ինքդ չես վստահում քո ղեկավարած համակարգին: - Ե՞րբ կարողացավ Հայաստանն իր Արարատյան բակալավրի ծրագրով զարմացնել աշխարհի միջին վիճակագրական բուհին։ - «ԱՅԲ»-ը մասնավոր դպրոց է, և իրենք բավական լուրջ ֆինանսական ներդրումներ կատարեցին: Դպրոցն ունի շատ լավ ուսուցիչներ, և նաև քննության միջոցով ընտրում են լավագույն երեխաների: Այս դեպքում միանշանակ է, որ արդյունքները պետք է լավը լինեն: Խնդիրն այստեղ այլ է: Երբ «ԱՅԲ»-ի ծրագիրը դառնում է պետական ծրագիր Արարատյան բակալավրիատի ձևով, այստեղ, կարծում եմ, դեռ շուտ է խոսել այն մասին, որ այս ծրագիրը կփոխի Հայաստանի կրթական մակարդակը, կլավացնի:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: