Հայաստանում արհեստական ինտելեկտի զարգացումը՝ ԴիջիԹեքի օրակարգում

Արհեստական բանականությունը (Artificial Intelligence) հունիսի 9-10-ին անցկացվող 10-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային թեմաներից մեկն է: «Հայաստանում արհեստական ինտելեկտի զարգացումը և կիրառումը բիզնեսում» կլոր սեղանի շուրջ PicsArt և Ucom ընկերությունները կխոսեն Հայաստանում արհեստական ինտելեկտի ու մեքենայական ուսուցման արդիականության մասին եւ այլ շահագրգիռ կողմերի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության եզրերը ու այս ճյուղի զարգացման հայեցակարգը։ Մեր հետ զրույցի ընթացքում, PicsArt ընկերության տեխնիկական տնօրեն եւ հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը պատմեց Հայաստանի համար արհեստական բանականության ոլորտի զարգացման կարեւորության ու ոլորտի զարգացմանն ուղղված իրականացվող ծրագրերի մասին։ Այդ ծրագրերից է PicsArt-ի նախաձեռնած արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման կրթական ծրագիրը, որը իրականացվում է Ucom, BetConstruct եւ Armenian Code Academy ընկերությունների համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակներում Հայաստան են հրավիրվել Ռուսաստանից եւ Եվրոպայից ոլորտի լավագույն մասնագետները։ Ուսուցման ընթացքում օգտագործվում են արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման միջազգային ընկերությունների կողմից կիրառման լավագույն օրինակները։ Ըստ մեր զրուցակցի՝ ներկայումս Հայաստանում արհեստական բանականությունը կիրառվում է մեծամասնությամբ հեռահաղորդակցության եւ ֆինթեք ոլորտներում, այնինչ այն կիրառելի է գրեթե ամենուր եւ կարող է ավելի արդյունվետ սարքել ցանկացած ոլորտ։ Օրինակ՝ ներկայումս PicsArt-ն ունի ամսական 90 մլն ակտիվ օգտատեր, իսկ օրվա կտրվածքով օգտատերերը իրականացնում են շուրջ մեկ մլրդ գործողություն եւ բեռնվում է մոտ 100 մլն նկար: PicsArt հավելվածը կիրառում է արհեստական բանականություն օգտատերերի նախասիրությունների եւ պահվածքի վերլուծության ու կանխատեսման, նկարների մշակում, պատկերների ճանաչման, վիզուալ էֆֆեկտների ու տրանսֆորմացիաների կիրառման մեջ: Արհեստական բանականություն ու մեքենայական ուսուցմանը առավել արդյունավետ են դարձնում PicsArt-ի աշխատանքը։ Արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ոլորտի քննարկումը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 12:00: PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրուլու համար նախատեսված հավելված եւ սոցիալական ցանց է։ Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներով: PicsArt-ը հասանելի է 40 լեզուներով ամբողջ աշխարհում: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: