Ովքեր կլինեն Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում ֆուտբոլային պատերազմում

Ովքեր կլինեն Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում ֆուտբոլային պատերազմում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղն իր պատմության կարևորագույն հանդիպումներից մեկը կանցկացնի՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պոդգորիցայում մրցելով Մոնտենեգրոյի ազգային թիմի հետ: Հաղթանակի դեպքում մեր հավաքականը կունենա 9 միավոր և լուրջ հայտ կներկայացնի ենթախմբում երկրորդ հորիզոնականը գրավելու: Այս պահին ընտրական խմբում 5-րդ տուրից հետո առաջատարը Լեհաստանն է, որն ունի 13 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները 7-ական միավորով կիսում են Դանիան և Մոնտենեգրոն, իսկ Հայաստանն ու Ռումինիան 6-ական միավորով կիսում են 4-րդ և 5-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը եզրափակող Ղազախստանն ունի 2 միավոր: Իրավիճակն այնպիսին է, որ 6-րդ տուրում պարտություն կրելու դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի ծանր իրավիճակում: Նշենք, որ հաղթանակն իրատեսական է, մենք արդեն հաղթել ենք Մոնտենեգրոյի հավաքականին: Փորձենք հասկանալ մեկնարկային ինչպիսի կազմով մեր հավաքականը կներկայանա ֆուտբոլային պատերազմին: «Առաջին լրատվական»-ի վարկածով՝ դարպասում կլինի Արսեն Բեգլարյանը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Տարոն Ոսկանյանն ու Գաել Անդոնյանը: Պաշտպանության աջ եզրում կխաղա Հրայր Մկոյանը, իսկ ձախից՝ Արտակ Եդիգարյանը: Հենակետայինի դիրքում հանդես կգա երևանյան խաղում Մոնտենեգրոյի դարպասն առաջին գնդակն ուղարկած Արտակ Գրիգորյանը, իսկ կիսապաշտպանության կենտրոնում՝ Հենրիխ Մխիթարյանը: Ենթահարձակվողի դիրքում Արթուր Պետրոսյանը կօգտագործի Մարկոս Պիզելիին, իսկ որպես նոմինալ հարձակվող կխաղա Ռուսլան Կորյանը: Առջևի գծում աջ եզրից հանդես կգա Կամո Հովհաննիսյանը, իսկ ձախից՝ Տիգրան Բարսեղյանը: Կարծում ենք՝ Մոնտենեգրոյի դեմ Հայաստանի ազգային հավաքականի կազմում կտեսնենք նաև Էդգար Մանուչարյանին և Արաս Օզբիլիսին: Հունիսի 5-ին Երևանում կայացած Սենտ Քիթս և Նևիսի հետ ընկերական հանդիպումից հետո Արթուր Պետրոսյանը մասնավորապես հայտարարել էր, որ Օզբիլիսը ֆունկցիոնալ առումով այնքան էլ լավ վիճակում չէ և պատրաստ չէ 90 րոպե խաղալ: Ակնհայտ է, որ որակական առումով Մանուչարյանը և Օզբիլիսը գերազանցում են Բարսեղյանին և Հովհաննիսյանին: Մեր հավաքականի գլխավոր մարզիչը, սակայն, բազմիցս է նշել է, որ մեկնարկային կազմի ընտրության հարցում նախապատվությունը տալիս է այն խաղացողներին, ովքեր տվյալ պահին լավ մարզավիճակում են: Երկրորդ կեսում հնարավոր է խաղադաշտում տեսնենք նաև հարձակվող Արթուր Սարկիսովին: Ռուսլան Կորյանը որոշ դրվագներում լավ տպավորություն է թողնում, բայց կարծում ենք՝ նա դեռևս չի գտել իր խաղը Հայաստանի ազգային հավաքականում: Սարկիսովը, շնորհիվ բարձր արագության, մշտապես լարվածություն է ստեղծում մրցակցի պաշտպանության օղակում: Առաջիկա մրցավեճում բնականաբար շատ բան է կախված հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից: Վերջինս փորձելու է դաշտի կենտրոնական մասում գրոհները զարգացնելու ժամանակ համագործակցել Մարկոս Պիզելիի հետ: Վերջինս ևս խաղային պրակտիկայի խնդիր ունի, սակայն կարծում ենք՝ Արթուր Պետրոսյանը նրան հիմնական կազմում դաշտ դուրս կբերի, որպեսզի աշխատի Մխիթարյան-Մարկոս խաղային դուետը կիսապաշտպանությունում: Այս մրցավեճում մեծ է լինելու նաև հենակետային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի դերը: Եթե նրան հաջողվի վերահսկել իրավիճակը խաղային այս դիրքում, ապա Մխիթարյանը հնարավորություն կունենա առաջ շարժվելու: Մեր հավաքականի պաշտպանության գիծը իդեալական չես համարի՝ մանավանդ, որ բացակայում է Վարազդատ Հարոյանը: Ամեն դեպքում Եդիգարյան-Անդոնյան-Ոսկանյան-Մկոյան խաղային օղակը այսօրվա դրությամբ, կարծում ենք, ամենաօպտիմալ լուծումն է: Այս ֆուտբոլիստները կարծես թե պրակտիկայի պակաս չունեն և լավ մարզավիճակում են: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահին, ապա այս դիրքում տիրող պատկերը թողնում ենք առանց մեկնաբանության: