Հերոս փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև Մոնթեի նմանները և նրա ոգին այստեղ ամենուր են
14:56 | 2017-05-26
«Ղեկավարի պարկեշտությունը, պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ ու բարոյապես ամուր զինվորի դաստիարակության կարևոր նախապայմաններից են». Մոնթե Մելքոնյան
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 26-ին 89 շրջանավարտի համար հնչեց «Վերջին զանգը»: Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ վարժարանի պետ գնդապետ Վիտալի Ոսկանյանը: Շնորհավորելով շրջանավարտներին և ներկայացնելով վարժարանի պատմական ուղին՝ նա նշեց, որ շրջանավարտների 98 տոկոսն ուսումը շարունակելու են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում:
«Այսօր 25-ամյա մեր վարժարանը կյանքի նոր փուլ է ճանապարհում ևս մեկ սերունդ, ովքեր այնուհետև կերտելու են իրենց կյանքի նոր ճանապարհը: Ստեղծման օրվանից այս վարժարանն ավարտել են 1665 շրջանավարտ: Մեր շրջանավարտները զինված ուժերում զբաղեցնում են դասակի հրամանատարից մինչև կորպուսի հրամանատարի տեղակալների պաշտոններ: Անցնելով երկար ճանապարհ՝ մեր վարժարանը 23 տարում արձանագրել է բազում հաջողություններ»,- նշեց վարժարանի պետը:
Ուսումնառության կապակցությամբ շնորհավորելով մոնթեականներին՝ նախարարի տեղակալն ասաց, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը բացառիկ է:
«Հերոս փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև հերոս Մոնթեի նմանները և նրա ոգին այստեղ ամենուր են: Ի սկզբանե ստեղծված լինելով որպես նախամասնագիտական հանրակրթական՝ վարժարանն անցած տարիներին հավատարիմ է մնացել իր կոչմանը: Իսկ ապագա սպա դառնալը լոկ միայն մասնագետ լինելը չէ: Սպան հայրենիքի պաշտպան է, իսկ հայրենիքի պաշտպանը իր մեջ պարունակում է ամենակարևորը արժանիքները»,- ընդգծեց Դավթյանը:
Այնուհետև վարժարանի սաները ցուցադրեցին ուսանելու տարիներին յուրացրած ձեռնամարտի հնարքները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու իրենց ունակությունները, պարեցին ավարտական վալս և շարային քայլերթով անցան շարահրապարակով: