Պետությունն անվճար դեղամիջոց կտրամադրի հեպատիտ C-ով հիվանդներին

Պետությունն անվճար դեղամիջոց կտրամադրի հեպատիտ C-ով հիվանդներին

Հայաստանում հեպատիտ C-ով հազար հիվանդի պետությունն անվճար դեղամիջոց կհատկացնի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նորք» ինֆեկցիոն  հիվանդանոցի  հեպատոլոգիայի  բաժանմունքի  վարիչ,  հանրապետության  գլխավոր հեպատոլոգ  Հասմիկ Ղազինյանն ասաց, որ Հայաստանում  հեպատիտ C -ով հիվանդների թիվը զգալի է: «Առողջապահության նախարարությունը Վրաստանի գործընկերոջ հետ համագործակցության արդյունքում ձեռք է բերել պրեպարատները: Նշված 1000 հիվանդները, ովքեր կընտրվեն ըստ տարիքի եւ ըստ ծանրության աստիճանի, պետպատվերի շրջանակում կստանան դեղը, իսկ բուժման համար նախատեսված մյուս դեղամիջոցը հիվանդները ձեռք կբերեն բավականին մատչելի գներով»,-ասաց նա: Հանրապետության գլխավոր հեպատոլոգի խոսքով` ակցիան կգործի հունիսի 1-ից: Այն հիվանդները, ովքեր կդիմեն նախարարություն, սակայն չեն ընդգրկվի 1000 հոգուց բաղկացած ցուցակի մեջ, կհաշվառվեն եւ կպատրաստվեն հետագա ակցիաներին: «Հուսանք , որ նման ակցիաներ հետագայում եւս կլինեն»,-ասաց նա: Հասմիկ  Ղազինյանը նշեց, որ դեղամիջոցի արդյունավետությունը հասնում է 95 եւ ավելի տոկոսի, իսկ տանելիությունն անհամեմատ բարձր է , քան նախկին հակավիրուսային դեղամիջոցները: Հեպատիտ C-ի հարուցիչը C լյարդաբորբի վիրուսն է: C վիրուսը համարվում է հեպատիտների վիրուսներից մեկը եւ տարբերվում է նրանով, որ հակում ունի երկար մնալու օրգանիզմում՝առաջացնելով տարբեր բարդություններ, ինչպիսիք են քրոնիկ հեպատիտը, լյարդի  ցերոզը եւ լյարդի առաջնային ուռուցքը: