Սերժ Սարգսյանը Եվրոպային տվել է հույսը, իսկ Եվրասիային՝ որոշումների իրավունքը

Սերժ Սարգսյանը Եվրոպային տվել է հույսը, իսկ Եվրասիային՝ որոշումների իրավունքը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիստերը Երևանում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հավակնոտ համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, չնայած Հայաստանը ԵՏՄ անդամ է: Ինչքանով է հավակնոտ ԵՄ-ի հետ Հայաստանի նախաստորագրած նոր համաձայնագիրը, պարզ չէ, որովհետև այդ համաձայնագրի տեքստը, բովանդակությունը առայժմ պահվում է գաղտնի, չի հրապարակվում: Սակայն գաղտնի չէ Եվրասիական տնտեսական միությունը, այսինքն՝ բացահայտ է, թե ինչ է այն ներկայացնում իրենից: Դա Ռուսաստանի աշխարհաքաղաքական ճամբարն է, որտեղ իհարկե կան տարբեր աստիճանի այսպես ասած հարաբերություններ: Օրինակ, մի բան է Ռուսաստանի հարաբերությունը Ղազախստանի կամ Բելառուսի, մեկ այլ բան՝ Ռուսաստանի հարաբերությունը Հայաստանի հետ: Այսինքն՝ ԵՏՄ «օրենքները» շատ ավելի պարտադիր են Հայաստանի, քան մյուս «հավասարների» հանդեպ: Հնարավո՞ր է լինել ենթակա այդ օրենքներին, միաժամանակ ունենալ հավակնոտ համաձայնագիր Եվրամիության հետ: Իհարկե, հավակնոտ բնորոշումը հարաբերական է, և ընդհանրապես համաձայնագիր չունենալու համեմատ ունենալը գուցե իսկապես դառնում է հավակնոտ, որովհետև Ռուսաստանը Հայաստանին կարող էր անգամ դա էլ արգելել: Մյուս կողմից, դեռ ամենևին փաստ չէ, որ արգելք չկա և չի լինելու: Քանի դեռ Հայաստանը չի ստորագրել համաձայնագիրը, որևէ բան դեռևս երաշխավորված չէ, անգամ եթե հարգարժան եվրոպացի խորհրդարանական պաշտոնյան ստորագրման հարցում լիահույս է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում: Նույն կերպ, եվրոպացի պաշտոնյաները լիահույս էին Սարգսյանի հետ հանդիպման ու բանակցությունների արդյունքում 2013 թվականին, բայց եղավ սեպտեմբերի 3-ը: Հետևաբար, ինչպես հայտնի անեկդոտում, երբեք պետք չէ վստահ լինել: Եվ թող չհնչի տարօրինակ, բայց պետք չէ վստահ լինել անգամ Հայաստանի ստորագրելուց հետո, որովհետև Եվրասիական միության անդամակցության հանգամանքը նշանակում է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ենթակա է ոչ թե Հայաստանին, այլ Եվրասիական միությանը, քանի որ այդ վերպետական միությունն է որոշում անդամ երկրի հարաբերության աստիճանը երրորդ երկրի կամ երրորդ սուբյեկտի հետ: Հետևաբար, մեղմ ասած, բաց է հարցը, թե, օրինակ, ի՞նչ է լինելու Հայաստան-ԵՄ համաձայնագրի որևէ դրույթի հետ, եթե իրադարձությունների ինչ-որ զարգացման դեպքում Ռուսաստանը որոշի ԵՏՄ օրակարգ բերել խաղի նոր կանոն, որը կհակասի Հայաստան-ԵՄ համաձայնագրին: Այդ դեպքում Հայաստանին այլ բան չի մնա, քան դուրս գալ ԵՏՄ-ից կամ մերժել Ռուսաստանի նախաձեռնությունը: Բայց Հայաստանը կարո՞ղ է: Այդ հարցը առայժմ առնվազն հռետորական է, որովհետև իրական քաղաքականության հարթակում դրա պատասխանը դժբախտաբար հայտնի է բացասական իմաստով: Իհարկե պետք է հուսալ, որ իրավիճակը չի զարգանա այդօրինակ ծայրահեղ սցենարով, սակայն տվյալ դեպքում խնդիրն անգամ դա էլ չէ, այլ այն, որ Հայաստանը համաձայնագիր կարող է ստորագրել Եվրամիության հետ, որի տերը, սակայն, դե ֆակտո և դե յուրե Հայաստանը չէ, այլ Եվրասիական միությունը, այսինքն՝ Հայաստանի ոչ բարեկամների ակումբը: Համենայն դեպս ինչպես դրսևորվեց ապրիլյան պատերազմի օրերին: Այդ պատերազմից հետո մեկ տարի անց, գոնե այս պահին, Եվրասիական միությունը Հայաստանի հանդեպ չի դրսևորել այլ որակի հարաբերության ու վերաբերմունքի օրինակ: Այդ ամենն անկասկած չի նշանակում, որ Հայաստանի նոր համաձայնագիրը ԵՄ հետ դառնում է ավելորդ: Այստեղ անգամ նվազագույն զարգացումը շատ կարևոր է, թեկուզ հետագա ճակատագրի հարցում ռիսկերի առկայությամբ: Խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը ստորագրվելուց հետո չդառնա ընդամենը Հայաստանի իշխող համակարգի հերթական ցուցանակը: