Կարեն Կարապետյանը հաղթեց ընտրություններում, բայց պարտվեց. փախուստի ժամանակը

Կարեն Կարապետյանը հաղթեց ընտրություններում, բայց պարտվեց. փախուստի ժամանակը

Հայաստանի նոր կառավարությունը, ըստ էության, նշանակվեց, ավելի ճիշտ կլինի ասել՝ բոլոր նախարարները, բացառությամբ խորհրդարան տեղափոխված Արփինե Հովհաննիսյանի, վերանշանակվեցին: Կարծես երկրում խորհրդարանական ընտրություններ չեն եղել, նոր խորհրդարան չունենք, և քաղաքական սրբագրումների, կադրային փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Այնուամենայնիվ, հին կառավարության նորացման գործընթացում տեղի է ունեցել երկու իրադարձություն, որոնք նշանային են և խոսում են Կարեն Կարապետյանի փախուստի մասին: Առայժմ՝ բառիս ոչ ուղիղ իմաստով. այս պահին վարչապետը փախչում է քաղաքական պատասխանատվությունից, այն հաղթանակից, որը ՀՀԿ-ն ընտրություններում ապահովեց նրա դեմքով, նրա ժպիտով, քաղաքականապես ու սոցիալապես չկողմնորոշված կանանց համակրությամբ: Արփինե Հովհաննիսյանն ըստ ամենայնի խորհրդարան տեղափոխվեց հենց այն պատճառով, որ Կարեն Կարապետյանը մերվել էր նրա հետ, իսկ դա բավարար պատճառ էր, որպեսզի Սերժ Սարգսյանը արդարադատության նախկին նախարարի նկատմամբ կորցներ վստահությունը և նրան չտեսներ նոր կաբինետի կազմում: Դավիթ Հարությունյանն արդարադատության նախարար նշանակվեց ի հեճուկս Կարեն Կարապետյանի, ով նրան նոր կառավարությունում չէր տեսնում: Իսկ Հարությունյանը համակարգի համար առանցքային ու պահանջարկված կերպար է, Սերժ Սարգսյանի «քաղաքական մենեջերը» ճգնաժամային իրավիճակներում: Բավական է հիշել, որ արդարադատության նորանշանակ նախարարը 2008-ին ԵԽԽՎ-ում էր, երբ Սարգսյանի համար կենսական էր ճեղքել ընտրությունների հետևանքով առաջացած միջազգային քաղաքական մեկուսացումը: Գործ, որը Հարությունյանը հրաշալի կատարեց: Հիշենք նաև «Ընտրական օրենսգիրք» օպերացիան, որի կնքահայրը դարձյալ Դավիթ Հարությունյանն էր: Այդ օպերացիայի շնորհիվ օրինական ընտրությունների իմիտացիայի շուրջ ձևավորվեց «համազգային կոնսենսուս», որը դարձավ խորհրդարանական «անաղմուկ ընտրությունների» և իշխանությունների վերարտադրության երաշխիքը: Հիմա Դավիթ Հարությունյանը դարձյալ ճգնաժամային մենեջերություն է իրականացնելու, որովհետև անցումային փուլում առանցքային է արդարադատության նախարարության գործընթացը, ինչպես նաև մեկ տարի հետո պետք է կազմակերպել Կարեն Կարապետյանի «անաղմուկ փախուստը»: Ստացվում է՝ Կարեն Կարապետյանն ընտրություններում հաղթեց, բայց պարտվեց, եթե մի փոքր «խմբագրենք» Արթուր Մեսչյանի հայտնի երգի դիպուկ բառերը: Բայց ամեն բան կանխատեսելի էր, ու տեղի չի ունեցել որևէ անակնկալ: Կարապետյանն ուներ երկու ֆունկցիա, որն, ի դեպ, վատ չի կատարել: «Ծռության» ճգնաժամի ֆոնին նրա միջոցով Սերժ Սարգսյանն ազատվեց ներհամակարգային դիմադրության վերջին օջախից՝ Հովիկ Աբրահամյանից: Եվ երկրորդը՝ Կարեն Կարապետյանն այն նոր՝ արտահամակարգային դեմքն էր, որի ստեղծած բարենպաստ ֆոնին Սերժ Սարգսյանի սիրելի ռեյտինգայիններն «անաղմուկ» «տոկոս խփեցին» հարազատ կուսակցության համար: Կարեն Կարապետյանը քաղաքական այլ ֆունկցիա չունի ու այս յոթ ամիսներին չի էլ ստեղծել: Երեկ, երբ Էդուարդ Շարմազանովը հերթական բրիֆինգի ընդամենը վեց րոպեների ընթացքում երեք անգամ ասում էր, որ Սերժ Սարգսյանը բոլորի, այդ թվում՝ Կարեն Կարապետյանի քաղաքական ղեկավարն է, կոնկրետ մեսիջ էր հասցեագրում հենց վարչապետին, որին գուցե իրականությունից զրկել են քարոզարշավի ընթացքում կանանց կողմից արված սիրո խոստովանությունները: Միֆ է հանրային այն կարծիքը, թե Կարեն Կարապետյանը հմուտ մենեջեր է: Չկա նման բան: Նրա ղեկավարած «ՀայՌուսգազարդը» Հայաստանի ինքնիշխանության կորստի, նվաստացման, կոռուպցիայի հավաքական խորհրդանիշն էր: Կարեն Կարապետյանի «հմուտ մենեջերության» փայլուն դրսևորումն է գազի կուտակված պարտքերը, որի դիմաց Հայաստանը մինչ այսօր Ռուսաստանին փոխհատուցում է իր ինքնիշխանությամբ և մի քանի անգամ Ռուսաստանի օգտին օտարել է գույք: Կարեն Կարապետյանը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ կամ նոր համակարգ ստեղծել, որովհետև նույն քրեաօլիգարխիկ համակարգի «պապաներից» մեկն է և «ՀայՌուսգազարդում» նպաստել է Ռոբերտ Քոչարյան-Գագիկ Ծառուկյան զույգի կոռուպցիոն բուրգի կայացմանը: Հատկանշական է, որ Կարեն Կարապետյանը Հայաստանի տնտեսա-քաղաքական օլիմպոսում հայտնվեց 1999թ.-ից հետո, երբ սպանվել էր Վազգեն Սարգսյանը՝ իր հետ Եռաբլուր տանելով պետության գաղափարն ու հայրենասիրությունը, իսկ մսխված հայրենիքը «փաթեթով» հանձնվում էր Ռուսաստանին: Ի դեպ, Կարեն Կարապետյանը 2011-ին Երևանի քաղաքապետի պաշտոնը փոխեց «Գազպրոմի» տասներորդական, բայց եկամտաբեր պաշտոնի հետ: Սա հայրենիքի հանդեպ մարդու զգացողության ամենախոսուն դրսևորումն է: Ինչպես ասում են՝ բառերն ավելորդ են: Այս անգամ հազիվ թե Կարեն Կարապեյանը նոր, եկամտաբեր առաջարկ ստանա Մոսկվայից: Նոր փախուստի համար նոր մոտիվներ ու պատճառներ է պետք մոգոնել: