ԱԺ-ի ոչ մի նախագահ մինչեւ վերջ չի աշխատել. որքա՞ն կպաշտոնավարի Արա Բաբլոյանը. «ՀԺ»

ԱԺ-ի ոչ մի նախագահ մինչեւ վերջ չի աշխատել. որքա՞ն կպաշտոնավարի Արա Բաբլոյանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովը նոր նախագահ ունի, որն արդեն մեկ շաբաթ է, ինչ կատարում իր պարտականությունները: Ուսումնասիրելով ԱԺ-ի նախագահների պաշտոնավարման հերթականությունն ու ժամկետը, պարզ է դառնում, որ խորհրդարանի խոսնակներից և ոչ մեկը չի պաշտոնավարել իր ամբողջ ժամկետով: Եվ այսպես, Գերագույն խորհրդի առաջին նախագահը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել: Նա պաշտոնավարել է 1990 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի դեկտեմբեր ամիսը: Լևոն Տեր-Պետրոսյանին այդ պաշտոնում փոխարինել է Բաբկեն Արարքցյանը և պաշտոնավարել է մինչև 1995 թվականը՝ Գերագույն խորհրդի աշխատանքների ավարտը, իսկ  որպես առաջին գումարման ԱԺ նախագահ կրկին ընտրվել է Բաբկեն Արարքցյանը: Նա պաշտոնավարել է մինչև 1998 թվականը: 1998 թվականին Բաբկեն Արարքցյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ հրաժարական տվեց, և ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց Խոսրով Հարությունյանը: 1998 թվականից Խոսրով Հարությունյանը պաշտոնավարեց մինչև 1999 թվականը: 1999 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանի խոսնակ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, որը մի քանի ամիս պաշտոնավարեց և հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի ժամանակ սպանվեց հենց խորհրդարանում: Նույն տարում ԱԺ նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, որը պաշտոնավարեց մինչև 2003 թվականը: Երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո կոալիցիոն համագործակցության շրջանակում ԱԺ նախագահ ընտրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, սակայն նա էլ պաշտոնավարեց մինչև 2006 թվականը և հրաժարական տվեց: 2006 թվականի խորհրդարանի խոսնակ ընտրվեց Տիգրան Թորոսյանն ու պաշտոնավարեց մինչև 2008 թվականը: 2008-ից մինչև 2011 թվականն ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, իսկ 2011-ից 2012 թվականները՝ Սամվել Նիկոյանը: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հովիկ Աբրահամյանը կրկին ԱԺ նախագահ ընտրվեց: Հովիկ Աբրահամյանը 2014 թվականին նշանակվեց ՀՀ վարչապետ, իսկ ԱԺ նախագահի ընտրվեց Գալուստ Սահակյանը, որը պաշտոնավարեց մինչև 2017 թվականը: ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը: Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում ենթադրել, թե Արա Բաբլոյանը որքան ժամանակ կպաշտոնավարի: Հարցին՝ Ազգային ժողովի բոլոր նախագահները ինչ-որ օրինաչափությամբ չեն կարողացել պաշտոնավարել ԱԺ նախագահի ողջ ժամկետով, Արա Բաբլոյանի դեպքում հնարավոր համարո՞ւմ եք որ օրինաչափությունը պահպանվի, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ես ենթադրություններով չեմ խոսում, «Հանրապետական»-ն աշխատում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում