Սերժ Սարգսյանի ելույթում կան թվաբանական հակասություններ

«Սերժ Սարգսյանի ելույթում կային թվաբանական հակասություններ»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ առաջին նիստում Սերժ Սարգսյանի մեկուկես ժամանոց ելույթին, որտեղ նա անդրադարձավ տարբեր խնդիրների՝ այդ թվում նաև տնտեսական ցուցանիշներին, աղքատության վերացմանը և ժողովրդագրական խնդիրներին, նշելով, թե դրանք ինչ տեսք կունենան 2040-ին: «Ըստ Ս. Սարգսյանի՝ 2040-ին մեր ՀՆԱ-ն պետք է լինի 60 մլրդ, միաժամանակ նա նշում է, որ պետք է ապահովվի 5 տոկոս աճ, մինչդեռ պարզ թվաբանությամբ՝ 2040-ին 60 մլրդ ՀՆԱ ունենալու համար պետք է տարեկան միջին տնտեսական աճը լինի 7,5 տոկոս: Իրականում Հայաստանում առաջիկա տարիներին տնտեսական աճը անգամ 5 տոկոսից է քիչ լինելու: Ինչ վերաբերում է արտագաղթին, Հայաստանից տարեկան միջինում մոտ 50 000 մարդ հեռանում է և չի վերադառնում: Տարեցտարի այս երևույթն աճման միտում ունի: Որպեսզի մեր բնակչության թիվը դառնա 4 միլիոն մինչև 2040թ, ինչպես Ս. Սարգսյանն է ասում, պետք է տարեկան 50 հազար մարդ ոչ թե պետք է արտագաղթի, այլ գա երկիր, իսկ ներգաղթի նախադրյալներ չկան, մարդիկ շարունակում են արտագաղթել»,- նշեց Իոաննիսյանը: Անդրադառնալով աղքատության հաղթահարման խնդրին, Իոաննիսյանն ընդգծեց, որ այս պայմաններում աղքատության նվազման մասին խոսելը լուրջ չէ, Հայաստանում հասարակությունը տարեցտարի ավելի բևեռացված է դառնում, հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում, ծայրահեղ աղքատների թիվը գնալով մեծանում է: Իոաննիսյանի դիտարկմամբ՝ մարդիկ լուրջ չեն վերաբերվում Ս. Սարգսյանի ելույթում ներկայացված և «Հայլուրի» Հայաստանին, մարդիկ տեսնում են իրականությունը: Իոաննիսյանը հավելեց, որ Ս. Սարգսյանի ելույթում առկա էին մտահոգիչ ուղերձներ՝ օրինակ այն, որ նախագահը իրավապահներին անվանեց իրավապաշտպաններ: Դանիել Իոաննիսյանը նև հավելեց, որ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշները տարեցտարի սղաճ են ապրում, և նախադրյալներ չկան, որ կախարդական փայտիկով ինչ-որ բան կփոխվի: Մանրամասները՝ տեսանյութում: