Արամ Աթեշյանը կլինի պատրիարքի թեկնածու, բայց ընտրվելու շանս չունի

Արամ Աթեշյանը կլինի պատրիարքի թեկնածու, բայց ընտրվելու շանս չունի

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երեկ վերջապես հրաժարական տվեց՝ կոչ անելով համախմբվել և պատրաստվել պատրիարքի ընտրություններին. «Մեր կոչն է հա­մախմ­բուիլ Տե­ղա­պահ Սրբա­զան Հօր շուրջ եւ ջանք ու ե­ռանդ չխնա­յել՝ ժամ ա­ռաջ մեր Աթո­ռի նոր գա­հա­կա­լը ող­ջու­նե­լու ճանապարհին։ Ի­րեն այժ­մէն կը մաղ­թենք բարի գա­լուստ, յա­ջո­ղու­թիւն, ուժ եւ կարողութիւն՝ ի պայ­ծա­ռու­թիւն եւ յանսասանու­թիւն մեր դա­րա­ւոր Պատրիարքա­կան Աթոռին»,- ասված է Արամ սրբազանի տարածած հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ  Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից, սակայն չի պատրաստվում հրաժարական տալ փոխանորդի պաշտոնից։ Մարտի 15-ին տեղապահի ընտրությունից հետո Արամ սրբազանը, տեսնելով, որ տեղապահ ընտրվել է Գարեգին Բեկչյանը,  ներկայացնում է Ստամբուլի փոխնահանգապետի գրությունը, ըստ որի՝ տեղապահի ընտրություններն անօրինական են։ Երեկ իր նամակով Գարեգին Բեկչյանին Աթեշյանը հրավիրել է պատրիարքարան՝ ստանձնելու իր տեղապահի պարտավորությունները և ստանձնելու պատրիարքի ընտրությունները կազմակերպելու գործընթացը: Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը Աթեշյանի այս քայլը բարձր է գնահատում, կարծում է, որ համայնքում առկա մեծ «ալեկոծումները» ի վերջո կհանդարտվեն: «Այս իրադարձությունները եղել են Ամենայն հայոց վեհափառ հայրապետի գիտությամբ և օրհնությամբ, և վեհափառ հայրապետը երկու եպիսկոպոսների հետ էլ խոսել է, իր դրական հորդորը և օրհնությունն է փոխանցել, որպեսզի շարունակությունը տարբերվի մինչև հիմա եղած դժվարություններից»,- ասաց Արա Գոչունյանը: Արամ Աթեշյանի այս քայլը Արա Գոչունյանը պայմանավորում է Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո ընկած ժամանակաշրջանով: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել թուրքական իշխանությունների հետ: «Եթե պարոն Պետրոս Շիրինօղլուի ծավալած գործունեությունը եղել է ավելի հրապարակային, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նախընտրել է ավելի լուռ այդ աշխատանքները առաջ տանել, որովհետև իր ընդդիմախոսները իր ցանկացած նախաձեռնություն մեկնաբանում էին որպես պատրիարքի ընտրությունը հապաղեցնելու, գործընթացը դանդաղեցնելու միտումնավոր նպատակներով և այլն: Պատրիարքարանը նախընտրեց իր գործունեությունը լռելյայն առաջ տանել»,- ասաց Արա Գոչունյանը՝ հավելելով, որ այս հանդիպումների, շփումների արդյունքում հնարավոր եղավ համոզիչ փաստեր ներկայացնել պատկան իշխանություններին, որ մեր եկեղեցու սահմանած կարգի և պետության սպասումների միջև առաջացած տարբերությունները կրճատվեն, և գործընթացը առաջ մղվի: Արդյունքում պետական շրջանակները «կանաչ լույս» վառեցին՝ պատրաստակամություն հայտնելով Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին որպես տեղապահ ճանաչելու: Ի դեպ, Արամ սրբազանը պատրիարքարանում խորհրդակցություն է հրավիրել, տեղեկացրել է, որ պատրաստվում է  հրաժարական տալ, և հրավիրել է Բեկչյանին գալ տեղապահի աշխատանքները իրականացնելու: «Առաջին ձեռքբերումն այն է, որ համայնքը քաոսային կացությունից դուրս բերելու համար լուրջ նախաձեռնություն է, երկրորդ՝ անցյալ շաբաթների ընթացքում շատ խոսվեց այն մասին, որ Թուրքիա պետությունը միջամտում է Պոլսո պատրիարքական աթոռի ներքին գործերին, նաև այդ տպավորությունները հերքելու և  պետության վրայից այս խնդիրները թոթափելու նպատակ ուներ»,- ասաց նա: Արա Գոչունյանը տեղեկացրեց, որ Արամ սրբազանի հրաժարականի նույն պահին Պետրոս Շիրինօղլուն հանդիպում է ունեցել նահանգապետի հետ, և բոլոր ուղղություններով աշխատանք իրականացավ: Հարցին՝ արդյոք թուրքական իշխանությունների հորդորով չի՞ հրաժարական տալիս Արամ սրբազանը, Արա Գոչունյանը բացառեց. «Նա պարզապես տրամադրությունները հաշվի առնելով՝ տեսել է, որ պահը հասունացել է, և իր հոժար կամքով է այս քայլին գնացել: Նաև եկեղեցական համագումարի կողմից ընտրված օրինական տեղապահին հրավիրել է պատրիարքարան, նրան կզորակցի նաև ընտրությունների կազմակերպման հարցերում»: «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը  Աթեշյանի քայլը պայմանավորում է ժողովրդի՝ հրապարակավ անհանգստությամբ, դժգոհությամբ: Իրավիճակը, նրա խոսքով, չէր կարող նման կերպ շարունակվել: Բագրատ Էստուկյանը մեկ այլ բանի վրա է ուշադրություն սևեռում. նախօրեին Արամ Աթեշյանը ժողով է հրավիրել, սակայն «Ակոս» պարբերականից ոչ ոք չի հրավիրվել, հրավիրել է իր ցանկալի լրատվամիջոցներին, իսկ թե ինչ խոստումներ է տվել այդ հանդիպմանը՝ պարզ չէ: Այդ լրատվամիջոցները, նրա խոսքով, Աթեշյանի կողքին են: Արամ Աթեշյանը թեև կլինի պատրիարքի թեկնածու, բայց Բագրատ Էստուկյանը վստահ է՝ նա չի կարող հաջողել այս ընտրություններին, քանի որ ժողովրդի մեջ չունի վստահություն: Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը տեղեկացրել է, որ առաջիկա տասը օրերի ընթացքում կլինի պատրիարքարանում: 2017-ի ընթացքում, ըստ ամենայնի, Պոլսո հայոց պատրիարքությունը նոր  պատրիարք կունենա: